ՀՀ դրոշ
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին: 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը ՀՀ պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է՝ 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ ՀՀ դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։
ՀՀ զինանշան
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: 2005 թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության զինանշանը ՀՀ պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ ՀՀ զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։
ՀՀ օրհներգ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ՝ որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) օրհներգը:
«ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է՝ սահմանված օրենքի համապատասխան հավելվածներով (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի):
ՀՀ օրհներգի կատարումը՝ պաշտոնապես հաստատված ամբողջական և կրճատ տարբերակներով.
Ամբողջական օրհներգը
Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ
Երգչախմբի կատարմամբ
Նվագախմբի կատարմամբ
Օրհներգի կրճատ տարբերակ
Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ
Երգչախմբի կատարմամբ
Նվագախմբի կատարմամբ