Նախարարին կից աշակերտական խորհուրդ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի կազմում ներառված են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների, ինչպես նաև ՀՀ-ում գործող լիցենզավորված ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների սովորողներ: Խորհուրդը կազմված է առավելագույնը 45 անդամից:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն սովորողները, որոնք ներառված են իրենց դպրոցների աշակերտական խորհուրդներում, ակտիվ մասնակցություն են ունենում դպրոցական և համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը և ծագած խնդիրների լուծմանը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներին, քաղաքացիական հասարակությանը, բնապահպանական, մարդու և երեխաների իրավունքների պաշտպանությանը առնչվող ծրագրերի և միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:
Խորհրդի նախագահը ԿԳՄՍ նախարարն է: Խորհուրդը գործում է 1 տարի ժամկետով: Այն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարին առնվազն երկու անգամ: Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ: