Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
ՍփյուռքՕտարերկրյա դիմորդ

Օտարերկրյա (այդ թվում՝ սփյուռքահայ) դիմորդների գրանցում և փաստաթղթերի հայտագրում. ՀՀ բուհեր

հունիսի 12, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշումը, սկսում է ՀՀ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2026-2027 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը հետևյալ ժամկետներում.

  • Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) օտաերկրյա քաղաքացիների՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար fs.emis.am համակարգում փաստաթղթերի հայտագրման ժամկետ՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ
  • Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով՝ այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար fs.emis.am համակարգում փաստաթղթերի հայտագրման ժամկետ՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ
  • Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով՝ այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ
  • Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ
  • Վճարովի դոկտորական կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ

fs.emis.am Էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը, կրթական աստիճանները:

Համակարգից օգտվելու քայլերն առավել մանրամասն ներկայացված են դիմորդի ուղեցույցում:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի պատճենը,
  • սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
  • կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  • բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  • միասնական քննությունների վկայագիր,
  • 3x4 չափսի 4 լուսանկար,
  • ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
  • դոկտորական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում՝ հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԿԳՄՍ նախարարություն.

  • Միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-699, ներքին 647+374 10-599-699 ներքին 646)
  • Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (հեռ. +374 10-578455)