Օտարերկրյա (այդ թվում՝ սփյուռքահայ) դիմորդների փաստաթղթերի ընդունում. ՄԿՈՒ հաստատություններ
հունիսի 12, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուսումնական տարում ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:
Առաջնորդվելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» (ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին) ՀՀ օրենքի պահանջներով՝ օտարերկրյա քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են Հայաստանի Հանրապետությունում, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։
Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ որակավորումների համար ՄՈՒՀ ընդունելության պահանջները ներառում են ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների ստուգում (քննություն), իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում:
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն նախարարություն հետևյալ ժամկետներում՝
- Վճարովի առկա ուսուցմամբ մասնագիտական (արհեստագործական կամ միջին մասնագիտական) ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ
- Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2026թ. հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ
Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`
- դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
- մասնագիտական (արհեստագործական կամ միջին մասնագիտական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության կողմից,
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
- Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- անձնագրի պատճենը,
- սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- 3x4 չափսի 4 լուսանկար,
- ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու և չեն ընդունվելու:
Դիմորդը կամ նրա լիազորված անձը, կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-8) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։
Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-8-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:
Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը ԿԳՄՍՆ-ում ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-699, ներքին 647, +374 10-599-699 ներքին 646):