«Տանիքը՝ Հայաստան»․ ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ կինոյի լեզվով
հոկտեմբեր 01, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մշակույթի զարգացման հիմնադրամն իրականացնում է «Տանիքը՝ Հայաստան» ծրագիրը: Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և համայնքային կյանքին նվիրված մեկամսյա կինոծրագիր։
Կինոծրագիրը ներառում է 12 ցուցադրություն՝ ծրագրի պաշտոնական բացման ֆիլմը և Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ։ Ընտրված ֆիլմերի միջոցով ներկայացվում են ՀՀ-ում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ժողովուրդների մշակույթը, ավանդույթները, լեզուն, երաժշտությունը, ընտանեկան և համայնքային հարաբերությունները, պատմական հիշողությունն ու առօրյան։
Ծրագրի նպատակն է կինոյի միջոցով ստեղծել մշակութային ճանաչողության և կրթության հարթակ, նպաստել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տարբեր համայնքների միջև երկխոսությանը և հասարակության ներսում փոխճանաչմանը։
Կինոծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Կինոյի տան Մեծ դահլիճում՝ Յան Արթյուս-Բերտրանի «Տուն» (2009, 90 րոպե) ֆիլմի ցուցադրությամբ։
Բացման ֆիլմի ընտրությունը խորհրդանշական է․ այն նվիրված չէ որևէ առանձին ազգային համայնքի և ծրագրի մեկնարկին ձևավորում է ընդհանուր գաղափարական հենք՝ Երկիր մոլորակը դիտարկելով որպես բոլորիս ընդհանուր տուն։ Ֆիլմն անդրադառնում է մարդու և բնության փոխհարաբերություններին, մարդկության ընդհանուր պատասխանատվությանը և համակեցության գաղափարին՝ նախանշելով հաջորդող ցուցադրությունների հիմնական ուղերձը։
Ծրագրում ընդգրկված 11 ֆիլմերը հնարավորություն են տալիս կինոյի լեզվով բացահայտելու Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակութային աշխարհը՝ ավանդույթները, պատմական հիշողությունը, ինքնության պահպանման ձևերը, ընտանեկան և համայնքային հարաբերությունները, լեզուն, երաժշտությունն ու կենցաղը։
Ցուցադրությունները կանցկացվեն Երևանում, ինչպես նաև Արարատի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում՝ կինոծրագիրը հասանելի դարձնելով նաև մայրաքաղաքից դուրս բնակվող հանդիսատեսին։ Ցուցադրությունների համար ընտրվել են կինոթատրոններ, մշակույթի տներ և արվեստի դպրոցներ՝ ծրագիրը հնարավորինս մոտեցնելով տեղական համայնքներին։
Բոլոր ֆիլմերի համար նախատեսվում է ապահովել հայերեն թարգմանություն և ենթագրավորում։
Ծրագիրը կցվում է: