Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակութային ազդագիր

Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը

օգոստոսի 11, 2026

ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) և «Գրին ռոք» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի համագործակցությամբ օգոստոսի 17-18-ին Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղում տեղի կունենա «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպումը ներառված է Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի միջոցառումների շարքում:

Նախաձեռնությունը մեկնարկել է, երբ 2025 թվականին Պլովդիվում տեղի ունեցող Սոֆիայի կենտրոնի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Հայաստանը հանդես է եկել կենտրոնի անդամ պետությունների մասնակցությամբ միջազգային տեքստիլ ցուցահանդես կազմակերպելու առաջարկով։

Ցուցադրության առաջարկը հիմնավորվում էր այն հանգամանքով, որ Դիլիջանի մշակութային միջավայրը, համայնքի կանանց ձեռագործության ավանդույթները՝ հատկապես ժանեկագործությունը, շարունակում են մնալ տեղական մշակութային ինքնության կարևոր դրսևորումներից։ Բացի այդ՝ 2025 թ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վերանորոգվել է և որպես հայկական տեքստիլի թանգարան՝ գործում է մշակութային այս միջավայրում։

Այս թանգարանը ներկայացնում է հայկական տեքստիլի ավանդույթները, դրանց գեղարվեստական ինքնատիպությունն ու շարունակականությունը, սակայն այսօր այն կատարում է նաև մեկ այլ կարևոր առաքելություն՝ ներկայանալով որպես միջմշակութային երկխոսության և միջազգային համագործակցության տարածք։

Ցուցադրությանը մասնակցելու են տեքստիլ մշակույթի վարպետներ Հայաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ռումինիայից, Հունաստանից, Բոսնիա և Հերցոգովինայից։

Ցուցահանդեսի իրականացումն ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի արժևորմանը, մասնագիտական նոր կապերի ձևավորմանը, փորձի փոխանակմանը, միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև Դիլիջան համայնքի աշխուժացմանն ու թանգարանի գործունեության հանրահռչակմանը։