Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակութային ազդագիր

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում

օգոստոսի 24, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը։ Փառատոնի ծրագրում /կից/ ընդգրկված է 54 միջոցառում. մասնակցում են գրողներ և հրատարակիչներ 13 երկրից:

Գրքի երևանյան 9-րդ փառատոնի թեման լեզուն է՝ որպես քաղաքակրթության հիշողությունն ամբարող և փոխանցող միակ երևույթ։

Գրքի ցուցահանդես-տոնավաճառին  մասնակցող շուրջ 60 կազմակերպությունները գրքերը վաճառելու են 20-40 տոկոս զեղչով:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Բացմանը կհաջորդի Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի շնորհանդեսը, տեղի կունենա հանդիպում անվանի երգահանի հետ:

Փառատոնի փակման արարողությունը և գրական մրցանակաբաշխությունը տեղի կունենան նույն վայրում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին: Այդ օրը հայտնի կդառնան հանրապետական գրական մրցույթի հաղթողների անունները: Մրցույթին ներկայացվել է 455 հայտ, որոնցից հաստատվել է 205-ը:

Կամփոփվեն նաև Սարոյանի անվան կարճ արձակի միջազգային մրցույթի արդյունքները, որին ներկայացվել է 62 հայտ 19 երկրից:

Այս տարի առաջին անգամ փառատոնային ծրագրում ներառվել է նաև արևմտահայերեն բանաստեղծության մրցույթը, որը միավորել է աշխարհասփյուռ հայ բանաստեղծներին  ստացվել է 23 հայտ 8 երկրից: Հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 6-ին: