Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակութային ազդագիր

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը

սեպտեմբերի 02, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-6-ը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը։

2026 թվականին Մեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչն ընդգծում է քաղաքի կարևոր դերը տարածաշրջանային մշակութային համագործակցության, ժողովուրդների միջև մշակութային երկխոսության և բազմազան մշակութային ժառանգության հանրահռչակման գործում։ Այս համատեքստում «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026»-ը կարևոր մշակութային նախաձեռնություն է, որը կնպաստի Մեղրիում և ամբողջ Սյունիքում միջազգային մշակութային կապերի ընդլայնմանը։

Այս տարի փառատոնը Մեղրիում կմիավորի պատվիրակությունների, դիզայներների և ավանդական արհեստների վարպետների ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

Փառատոնի ծրագիրը ներառում է ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ՝ միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների ներկայացմամբ, վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք՝ ավանդական արհեստների, տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ, տարբեր երկրների մշակութային ժառանգության, ավանդական արվեստի և արհեստների ներկայացում, մշակութային երկխոսության և մասնագիտական համագործակցության նոր հարթակների ձևավորում։

«ՏԱՐԱԶֆեստ»-ը Տերյան մշակութային կենտրոնի ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը։