«Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծ
սեպտեմբեր 10, 2026
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Վիկտորի Պարկ» ժամանցի այգու համաֆինանսավորմամբ «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» միջազգային էթնիկ նորաձևության լայնածավալ նախագիծը։ Այն կկայանա սեպտեմբերի 12–13-ը Երևանում:
Նախագիծը երկխոսություն է անցյալի և ապագայի միջև, որի հիմնական նպատակն է ցույց տալ՝ մշակութային ժառանգությունը միայն անցյալի հիշողություն չէ, այլ կենդանի, ստեղծագործ և անսպառ աղբյուր, որը նոր կյանք է ստանում ժամանակակից արվեստում ու նորաձևության մեջ՝ դառնալով ժողովուրդներին միավորող կարևոր կամուրջ։
Երկու օր շարունակ մեկ հարթակում կհամախմբվեն 11 երկրների պատվիրակություններ, դիզայներներ, արհեստագործներ ու մշակութային ժառանգության պահպանման ոլորտի մասնագետներ Հայաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լիտվայից, Սերբիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Քաթարից, Հունգարիայից, Ուրուգվայից և Անգլիայից։
Ծրագիրը ներառում է.
- ժամանակակից էթնո-հավաքածուների և հեղինակային ստեղծագործությունների ցուցադրություններ- ավանդական մշակութային ժառանգության, խորհրդանիշների և պատկերագրության ժամանակակից վերաիմաստավորման հիման վրա ստեղծված արվեստի և դիզայնի աշխատանքների ներկայացում,
- ավանդական արհեստների ժամանակակից մեկնաբանություններ և կենդանի ցուցադրություններ- ավանդական տեխնիկաների, նյութերի և ձեռագործ մշակույթի ներկայացում՝ ժամանակակից արվեստի, դիզայնի և ստեղծագործական մոտեցումների համատեքստում։
«Անցյալի ապագան-Future of the past» նախագիծը մեկ հարթակում համադրում է տարբեր ժողովուրդների մշակութային ինքնությունը, ավանդական գիտելիքն ու ժառանգությունը՝ դրանք վերաիմաստավորելով ժամանակակից արվեստի, նորաձևության և ստեղծագործական արտահայտչամիջոցների լեզվով։