Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում

սեպտեմբեր 11, 2026

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 25-26-ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում կանցկացնի «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (European Researchers’ Night in Armenia) միջոցառումը։

Առաջին անգամ Հայաստանում և միաժամանակ 40 երկրներում անցկացվող այս միջոցառումը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում և իրականացվում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

ERNA-ի նպատակն է գիտությունը դարձնել հասանելի և հետաքրքիր՝ բոլոր տարիքային խմբերի մարդկանց համար՝ բացահայտելով, թե ինչպես է գիտությունը ձևավորում մեր առօրյա կյանքը և ոգեշնչում գտնել վաղվա օրվա լուծումները։ Անմիջական երկխոսություն ստեղծելով հետազոտողների և հասարակության միջև՝ նախագիծը խթանում է հետաքրքրասիրությունը, քննադատական մտածողությունը և մեծացնում վստահությունը գիտության հանդեպ՝ միևնույն ժամանակ խրախուսելով երիտասարդներին իրենց ապագան կապել հետազոտությունների և նորարարությունների ոլորտի հետ։

Հայաստանի երեք քաղաքներում կիրականացվեն ինտերակտիվ ցուցահանդեսներ՝ գործնական փորձերով, աշխատարաններով, գիտական շոուներով, քննարկումներով ու բազմաթիվ այլ հետաքրքիր միջոցառումներով: Ցուցահանդեսները կհամախմբեն հետազոտողներին և քաղաքացիներին:

«Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (ERNA) նախագիծը հանդիսանում է «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության մի մասը, որը գիտության հանրայնացման ամենամեծ նախագծերից  է Եվրոպայում:

Ամեն տարի «Եվրոպական հետազոտողների գիշեր» է կազմակերպվում միաժամանակ Եվրոպայի և դրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ քաղաքներում։

Ցուցահանդեսի գրանցման հղում (ոչ պարտադիր)՝ https://forms.gle/UqQhb3vbCLfPLnp96: Միջոցառումների օրակարգը կցվում է: