Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակութային ազդագիր

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի 40-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

սեպտեմբեր 14, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:30-ին, Գյումրու Վ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հոբելյանական համերգը։ Այն նվիրված է նվագախմբի 40-ամյա ստեղծագործական գործունեությանը, ազգային երաժշտության պահպանման, տարածման և հանրահռչակման գործում ունեցած ավանդին։ Չորս տասնամյակների ընթացքում նվագախումբը, պահպանելով ազգային երաժշտության լավագույն ավանդույթները, իր գործունեության ընթացքում հանդես է եկել նաև նորարարական գաղափարներով և փորձարարական ծրագրերով՝ ժողովրդական գործիքների հնարավորությունները ներկայացնելով նոր ու ժամանակակից համատեքստերում։

Համերգային ծրագրում կհնչեն ազգային երաժշտության սիրված և ճանաչված ստեղծագործություններ, ինչպես նաև հատվածներ նվագախմբի իրականացրած «Երգում է հայ կինո», «Ազնավուր 100», «Բրոդվեյից Գյումրի», «Կախարդական մեղեդիներ» և «Ջազ և ֆոլկ» ծրագրերից։ Այս նախագծերում ազգային երաժշտական ավանդույթը համադրվել է կինոյի, ջազի և այլ երաժշտական ուղղությունների հետ՝ ներկայացնելով ժողովրդական գործիքների կատարողական հնարավորությունների բազմազանությունը։

Հոբելյանական երեկոյին հանդես կգան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ Ծովինար Հովհաննիսյանը, Խաչիկ Սահակյանը, Գուրգեն Դաբաղյանը, Հայկ Պետրոսյանը, Ավագ Մարգարյան, Անահիտ Վալեսյանը և Հովհաննես Շահբազյանը, Նվարդ Հարությունյանը, Ասյա Երեմյանը, Կատարինա Անախասյանը, Երվանդ Խաչատրյանը, Կարեն Աթոյանը, Գևորգ Կիրակոսյանը, Ասյա Հովհաննիսյանը, Հարություն Հարությունյանը, Վահան Ուռուտյանը և Արմեն Բարսեղյանը։

Հոբելյանական համերգը մեկտեղելու է նվագախմբի 40-ամյա ստեղծագործական ժառանգությունը, տարբեր սերունդների արվեստագետներին, ազգային երաժշտական ավանդույթն ու նորարարական մոտեցումները՝ ներկայացնելով նվագախմբի անցած ճանապարհն ու նրա ստեղծագործական ներկայիս ուղղվածությունը։