Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում
սեպտեմբեր 15, 2026
Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային նոր ցուցադրությունը։
Կներկայացվեն Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարաններից բերված ավելի քան 50 նմուշներ՝ դրանք համադրելով Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված ցուցանմուշների հետ։ Ցուցադրությունն իրկանացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ:
Բեռլինի Թանգարանային կղզու արժեքավոր նմուշներն ունեն ժամանակային լայն ընդգրկում՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։ Կներկայացվեն Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքերը։
Ցուցադրության առանցքային ցուցանմուշներից են Ք. ա. 12–11-րդ դարերով թվագրվող, վաղ երկաթի դարաշրջանի «արեգակնային համակարգի» բրոնզե մոդելները: Հատկանշական է, որ դրանց բեռլինյան օրինակներն ընդհանրապես առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։
Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու տարբեր քաղաքակրթությունների մշակութային ժառանգության, առասպելաբանական մտածողության և տիեզերագիտական պատկերացումների միջև եղած ընդհանրություններին ու փոխակերպումներին։
Ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով՝ դառնալով մշակութային երկխոսության, ինստիտուցիոնալ հիշողության և երկու կարևոր թանգարանային կենտրոնների փոխգործակցության նշանակալի հարթակ։
Ցուցադրությունը կգործի մինչև 2027 թվականի մարտի 21-ը։