«Կոմիտաս» միջազգային փառատոն. նախատեսված միջոցառումներ
սեպտեմբեր 16, 2026
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Երևանում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային փառատոնը՝ նվիրված հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, երաժշտագետ, բանահավաք, երգիչ և մանկավարժ Կոմիտաս վարդապետի հիշատակին ու ստեղծագործական ժառանգությանը։
Փառատոնի օրերը խորհրդանշական են ընտրված՝ Կոմիտասի ծննդյան օրվա երկու՝ նոր և հին տոմարներով նշվող ամսաթվերի միջև։ Այս ժամանակահատվածում նախատեսված միջոցառումները մեկտեղելու են երաժշտություն, կերպարվեստ, գրականություն և թատերարվեստ՝ ներկայացնելով Կոմիտասի ժառանգության ուսումնասիրման, պահպանման և ժամանակակից մշակութային կյանքում վերարժևորման տարբեր ձևաչափեր։
Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի շիրիմին ծաղիկների խոնարհման արարողությամբ։ Նույն օրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Էդէն» ժամանակավոր ցուցադրությունը, որին կմասնակցեն արվեստագետներ՝ Հայաստանից՝ Գագո Չթչյանը, Մեքսիկայից՝ Հերմինե Դեմիրոնը և Ֆրանսիայից՝ Արման Թադևոսյանը։ Բացման արարողության ընթացքում հանդես կգա թանգարան-ինստիտուտի «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):
Փառատոնի ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կոմիտասյան նյութերի նվիրատվությունը թանգարանի ֆոնդին։ Սեպտեմբերի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը թանգարանի հավաքածուին կնվիրաբերի Կոմիտասին առնչվող նյութեր։
Նույն օրը կանցկացվի դաշնամուրային երաժշտության երեկո, որի ընթացքում ելույթ կունենան Խորվաթիայում գործունեություն ծավալող դաշնակահարներ Ռուբեն և Արսեն Դալիբալթայանները։ Ռուբեն Դալիբալթայանը «Վլադիմիր Նազոր» պետական մրցանակի դափնեկիր է։
Հոկտեմբերի 1-ին փառատոնի շրջանակում տեղի կունենա գրքի շնորհանդես և խմբերգային երաժշտության երեկո։ Կներկայացվի Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի «Գերաշնորհ հայր Կոմիտասը՝ հայ հոգևորականն ու երաժիշտը (1869–1935)» հոգեկենսագրական փորձը։ Ֆրանսերենից հայերեն թարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը, որը հանդես կգա նաև որպես բանախոս։ Երեկոյի երաժշտական հատվածում կրկին ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը։
Հոկտեմբերի 4-ին փառատոնի ծրագրում է Վահագն Հայրապետյանի «Armenian Colors Quartet» համերգային ծրագիրը։ ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի հետ հանդես կգան Ավագ Մարգարյանը (ժողովրդական նվագարաններ), Միխայիլ Ֆոմինիխը (կոնտրաբաս) և Կարեն Քոչարյանը (հարվածային գործիքներ):
Հոկտեմբերի 6-ին կանցկացվեն «Կոմիտասյան ընթերցումներ»՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանների մասնակցությամբ (թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան, մասնագիտական խորհրդատու՝ թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյան):
Փառատոնի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի «Կոմիտաս Վարդապետ․ դաշնամուրային երկեր» գիրքը, իսկ գրքի շնորհանդեսին կհաջորդի դաշնամուրային երաժշտության համերգ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մասնակցությամբ։ Գրքի մասին հանդես կգա Մարիամ Վարդանյանը։
«Կոմիտաս» միջազգային փառատոնը մեկ ծրագրի շրջանակում համադրում է Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերը՝ երաժշտական ստեղծագործությունը, գիտական և գրական ժառանգությունը, կերպարվեստը, թատերական ընթերցումները, ինչպես նաև նրա կյանքին ու գործունեությանն առնչվող նյութերի պահպանումն ու հանրայնացումը։
Փառատոնի ծրագիրը միտված է Կոմիտասի ժառանգությունը ոչ միայն ներկայացնելուն, այլև այն ժամանակակից մշակութային երկխոսության մեջ ներառելուն՝ տարբեր արվեստագետների, հետազոտողների և մշակութային կառույցների մասնակցությամբ։