Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակութային ազդագիր

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում

սեպտեմբեր 17, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը սեպտեմբերին հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագիր։

Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին Երևանում՝ Կամերային երաժշտության տանը, ժամը 19։00-ին։ Համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Վաղարշակ Կոտոյանի, Արամ Խաչատրյանի և Էդվարդ Գրիգի ստեղծագործությունները։

Հնդկաստանում համերգները կկայանան սեպտեմբերի 21-ին, Կալկաթայում՝ Վիկտորյա    Մեմորիալ համերգասրահում, սեպտեմբերի 23-ին, Նյու Դելիում՝ Լոտոսի տաճարում, սեպտեմբերի 24-ին, Չեննայում՝ երաժշտական ակադեմիայի դահլիճում: Համերգներն իրականացվում են Հնդկաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո։

Չինաստանում համերգները կկայանան սեպտեմբերի 27-ին՝ Չժունշանի մշակույթի և արվեստի կենտրոնի Մեծ թատրոնում, սեպտեմբերի 29-ին՝ Պեկինի համալսարանի հարյուրամյակի հուշահամալիրի Լի Ին համերգասրահում։ Սեպտեմբերի 30-ին Շանհայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նախատեսվում է բացօթյա համերգ։

Հյուրախաղերի ընթացքում կհնչեն հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Էդվարդ Միրզոյան, Խաչատուր Ավետիսյան, Վաղարշակ Կոտոյան, Շառլ Ազնավուր, Չեզարե Բիկսիո, Լուիջի Արդիտի, Ջակոմո Պուչինի, Էդուարդ Գրիգ։

Մենակատարներ՝ Սիփան Օլահ՝ համերգաշարի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր և տենոր/Միացյալ Թագավորություն/, Կատարինե Հովսեփյան /դաշնամուր/, Աստղիկ Վարդանյան /ջութակ/, Շողիկ Թորոսյան /սոպրանո, Լիբանան/: