Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

հուլիսի 07, 2026

Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն այս ուսումնական տարում նույնպես իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ընդունելության նոր կարգի։

Ընդունելության նոր կարգով և թվայնացման նոր ընթացակարգերով պայմանավորված՝ ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ․ համակարգը պարզեցվել է,  մի շարք տվյալների և փաստաթղթերի ներբեռնումը դարձել է ինքնաշխատ։

Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

Ինչպես դիմել քոլեջ

Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը hayt-college.emis.am  համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար) և Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։

 Հայտագրումն իրականացվում է առցանց եղանակով՝ երկու քայլով.

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/  հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/  հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Հայտերի ներկայացման հաջորդական քայլերը ներկայացված են քոլեջների հայտագրման  ուղեցույցում։

 Դիմելու ժամկետներ

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով https://hayt-college.emis.am/ առցանց համակարգում ընդունվում են հուլիսի 10–ից։

  • ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00-ն,
  • ոլորտային մասնագիտություններով (մշակույթի, սպորտի և բժշկության ուղղություններ)` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00-ն:

Ոլորտային մասնագիտությունների համար քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։ Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: