Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակութային ազդագիր

«Փոքրիկ իշխանը» միջոլորտային ներառական ներկայացում

հոկտեմբեր 02, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը ներկայացնում է միջոլորտային ներառական ներկայացում՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործության հիման վրա։

«Փոքրիկ իշխանը» միջոլորտային ներառական ներկայացում է, որտեղ ներառականությունը միայն ներկայացման հասանելիությունն ապահովող տեխնիկական լուծումների ամբողջություն չէ։ Այն բեմադրության գեղարվեստական մտածողության կարևոր բաղադրիչն է։

Ներկայացման մատչելիությունն ապահովվում է գեղարվեստական, տեխնիկական և տարածական լուծումների համադրությամբ՝ ստեղծելով լիարժեք ներառական թատերական միջավայր։ Ներդրված քառակողմ ձայնային համակարգը, կինետիկ ավազի վրա տեղադրված վիբրացիոն նստատեղերը ստեղծում են երաժշտությունը ոչ միայն լսելու, այլև մարմնով զգալու հնարավորություն։ Ենթագրերը ներդաշնակորեն միաձուլված են բեմական ձևավորմանը։

Ներկայացումից առաջ նախատեսվում է շոշափելի հատուկ շրջայց մութ սենյակում՝ դերասանների ուղեկցությամբ։ Շրջայցի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա շոշափելով ծանոթանալու ներկայացման մեջ օգտագործվող բեմական առարկաներին և զգեստներին, ուսումնասիրելու դրանց ձևերը, գործվածքներն ու նյութերը։

Նորարարական և գեղարվեստական լուծումներով ու մոտեցումներով «Փոքրիկ իշխանը» ներկայացումը առաջարկում է հանդիսատեսին գունեղ, հուզական և ոգեշնչող ճանապարհորդություն։

Այն կանցկացվի հոկտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին, 8-ին: Գաղափարի հեղինակը և բեմադրիչը Վահան Բադալյանն է: Ներկայացման տևողությունը 1 ժամ է. այն նախատեսված է 14-ից բարձր տարիքային խմբի համար, լեզուն հայերենն է, ենթագրերը՝ անգլերեն: