Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների ատեստավորման նպատակով վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

հոկտեմբեր 08, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արհեստագործական և միջին մասնագիտական (ՄԿՈՒ) ուսումնական հաստատությունների դասավանդողների 2026 թվականի ատեստավորման նպատակով վերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկի մասին։

2026 թվականի ատեստավորման ուղղություններն են՝

1. Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում
2. Փոխադրումների կազմակերպում և կառավարում
3. Գինեգործություն
4. Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
5. Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր
6. Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում
7. Էլեկտրոնիկա և կապի համակարգեր
8. Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա
9. Զբոսաշրջային ծառայություններ և սպասարկման կազմակերպում

 Մասնակցության իրավունք և չափանիշներ

Ընտրությանը կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատությունները, գիտական կազմակերպությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր կառույցները, կրթության ոլորտում փորձ ունեցող հիմնադրամները, հասարակական և միջազգային կազմակերպությունները, որոնք համապատասխանում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի հուլիսի 8-ի N 1222-Ա/2 հրամանով սահմանված կարգի պահանջներին և՝

  • ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում,
  • ունեն համապատասխան մասնագիտական ներուժ, տարածք և տեխնիկական հնարավորություններ՝ առկա, հեռավար կամ համակցված ուսուցման իրականացման համար,
  • մշակել են 90-110-ժամյա (15-20 օր) վերապատրաստման դասընթացներ՝ ներառելով համապատասխան ուղղություններով ատեստավորման թեմաները և դասավանդման մեթոդիկան։

Վերապատրաստող կազմակերպությունների պարտավորությունները
Երաշխավորված կազմակերպությունները պարտավոր են ապահովել թեմատիկ ուսումնական ծրագրեր (ներառյալ սահմանված չափով կրեդիտների բացվածքը), իրականացնել գիտելիքի գնահատում և ապահովել դասընթացների բովանդակության համապատասխանությունը սահմանված չափանիշներին:

  • Դասընթացների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը պարտավոր է մասնակցին տրամադրել մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական (ըստ Կարգի Ձև 1-ի)։
  • Յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպությունը պարտավոր է դասընթացի վերաբերյալ հաշվետվություն (ըստ Կարգի Ձև 2-ի) ներկայացնել նախարարություն և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ՄԿՈՒԶԱԿ հիմնարկ:

 Գործընթացին մասնակցելու սահմանափակումներ

Ընտրությանը չեն կարող մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ճանաչված են անվճարունակ, գտնվում են լուծարման կամ վերակազմավորման գործընթացում, ունեն պայմանագրի կատարման համար արգելանքի տակ գտնվող գույք, ինչպես նաև ժամկետանց հարկային և սոցիալական պարտավորություններ (պարտքեր)։

Հայտերի ներկայացման ժամկետները, ձևը և հասցեն

Վերապատրաստող կազմակերպությունների հայտերի ընդունումն իրականացվում է 2026 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 27-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-17:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):

Նախօրոք անհրաժեշտ է ներբեռնել, լրացնել և դիմումին կցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի հուլիսի 8-ի N 1222-Ա/2 հրամանով սահմանված վերապատրաստման պայմանների, չափանիշների և հայտերի վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող պաշտոնական ձևաթղթերը:

Հայտերը կարող են ներկայացվել.

1.    Թղթային տարբերակով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ, 612 սենյակ
2.    Էլեկտրոնային եղանակով` secretariat@escs.am պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով

Լրացուցիչ հարցերի դեպքում պետք է զանգահարել (+374) 10-599-699 ներքին՝ 624 հեռախոսահամարին։