Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
ՄշակույթՀայտերի ընդունում

Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման ճարտարապետական նախագծի հայեցակարգային առաջարկների հավաքագրում

հուլիսի 08, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց հրավեր՝ ուղղված Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային շենքում գործող Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տարածքների ընդլայնման և զարգացման ճարտարապետական նախագծի գաղափարների ու հայեցակարգային առաջարկների հավաքագրմանը՝ դիտարկելով նաև Հանրապետության հրապարակի ստորգետնյա հնարավոր տարածքների ներառումը։ 

Թանգարանային համալիրի ներկայիս տարածական հնարավորությունները սահմանափակում են հավաքածուների առավել ամբողջական ցուցադրումը, ժամանակավոր և միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, կրթական ու հանրային ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ֆոնդապահոցների, վերականգնման, հետազոտական, տեխնիկական և սպասարկման ենթակառուցվածքների զարգացումը։

Նախաձեռնության նպատակն է բաց մասնագիտական քննարկման և գաղափարների հավաքագրման միջոցով բացահայտել թանգարանային համալիրի հնարավոր ընդլայնման հեռանկարային մոդելներ՝ Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածական ներուժը դիտարկելով որպես թանգարանային, մշակութային և հանրային միասնական համակարգի ձևավորման հնարավորություն։

Հրավերի շրջանակում ակնկալվում են ոչ միայն տարածական կամ ճարտարապետական առանձին լուծումներ, այլև թանգարանային համալիրի զարգացման ամբողջական տեսլականներ, որոնք կարող են վերաիմաստավորել թանգարանների կապը միմյանց, Հանրապետության հրապարակի և քաղաքի հանրային կյանքի հետ։

Մասնակիցներին առաջարկվում է մշակել հայեցակարգային առաջարկ, որը կներկայացնի՝

· թանգարանային շենքի և Հանրապետության հրապարակի ստորգետնյա հնարավոր տարածքների միջև գործառութային ու տարածական կապը,

· երեք թանգարանների զարգացման և հնարավոր փոխկապակցման մոդելը,

· նոր ցուցադրական, կրթական, հանրային, գիտահետազոտական, ֆոնդային և սպասարկման տարածքների հնարավոր տեղաբաշխումը,

· այցելուների, աշխատակիցների, ցուցանմուշների և տեխնիկական սպասարկման հոսքերի կազմակերպումը,

· վերգետնյա և ստորգետնյա տարածքների միջև անվտանգ, մատչելի և տրամաբանական հաղորդակցությունը,

· Հանրապետության հրապարակի պատմամշակութային, ճարտարապետական և հանրային նշանակությանը համապատասխան լուծումները։

Հայեցակարգային առաջարկում անհրաժեշտ է նախատեսել նաև թանգարանային ընդլայնված համալիրի համար նոր մուտքային և ելքային հանգույցների հնարավոր ձևավորումը՝ ներառյալ Հանրապետության հրապարակի կենտրոնական կամ հարակից հատվածներից ստորգետնյա տարածքներ տանող ինքնուրույն մուտքեր, մուտքային տաղավարներ, աստիճանավանդակներ, թեքահարթակներ, վերելակային հանգույցներ կամ այլ ճարտարապետական լուծումներ։ Նման միջամտությունները կարող են դիտարկվել ինչպես թանգարանային շենքի ներսից, այնպես էլ հրապարակի կամ հարակից հանրային տարածքների առանձին հատվածներից։ Առաջարկվող մուտքային համակարգը կարող է ներառել մեկ կենտրոնական կամ մի քանի փոխկապակցված մուտքեր՝ կախված նախագծի գործառութային, տարածական, քաղաքաշինական և անվտանգության լուծումներից։

Առաջարկները կարող են անդրադառնալ հետևյալ գործառույթներից մեկին կամ մի քանիսին՝

·  մշտական և ժամանակավոր ցուցադրությունների նոր սրահներ,

·  միջազգային ցուցահանդեսների ընդունման համար նախատեսված տարածքներ,

·  բաց կամ ճկուն ցուցադրական հարթակներ,

·  թանգարանային ֆոնդապահոցներ,

·  վերականգնման և պահպանության լաբորատորիաներ,

·  գիտահետազոտական և արխիվային տարածքներ,

·  կրթական կենտրոններ, լսարաններ և ստեղծագործական արվեստանոցներ,

·  կինոդահլիճներ, դասախոսությունների և միջոցառումների սրահներ,

·  թվային և նոր մեդիայի ցուցադրական տարածքներ,

·  գրադարաններ, մեդիադարաններ և ընթերցասրահներ,

·  մանկական և ընտանեկան կրթական միջավայրեր,

·  հանրային հանգստի, հանդիպումների և հաղորդակցության տարածքներ,

·  թանգարանային խանութներ, սրճարաններ և այցելուների սպասարկման հատվածներ,

· ցուցանմուշների տեղափոխման, բեռնաթափման և տեխնիկական սպասարկման ենթակառուցվածքներ,

· Հանրապետության հրապարակի հետ փոխկապակցված հանրային կամ կիսահանրային մշակութային տարածքներ։

Թվարկումը սահմանափակող չէ։ Մասնակիցները կարող են առաջարկել նաև այլ գործառույթներ և զարգացման մոդելներ՝ հիմնավորելով դրանց անհրաժեշտությունն ու համապատասխանությունը նախաձեռնության նպատակներին։

 Առաջարկներին ներկայացվող հիմնական սկզբունքները

1. Քաղաքաշինական և ճարտարապետական համատեքստ

Առաջարկվող միջամտությունները պետք է հաշվի առնեն Հանրապետության հրապարակի՝ որպես Երևանի առանցքային հանրային, քաղաքաշինական և պատմամշակութային տարածքի առանձնահատկությունները, տեսողական կերպարը և ճարտարապետական ամբողջականությունը։ Վերգետնյա հնարավոր միջամտությունները, այդ թվում՝ նոր մուտքային կառույցները, տաղավարները կամ այլ ճարտարապետական տարրերը, պետք է լինեն հիմնավորված և ներկայացվեն որպես հրապարակի պատմական ու ճարտարապետական միջավայրի հետ հավասարակշռված երկխոսություն։

Առաջարկը պետք է անդրադառնա միջամտությունների՝

·  տեղադիրքին,

·  չափերին և մասշտաբին,

·  տեսողական ազդեցությանը,

·  հրապարակից և հարակից փողոցներից ընկալմանը,

·  հանրային տարածքի օգտագործման վրա ազդեցությանը,

·  հնարավոր հետադարձելիությանը,

·  Հանրապետության հրապարակում կազմակերպվող միջոցառումների և առօրյա քաղաքային կյանքի հետ համատեղելիությանը։

2. Թանգարանային գործառույթների որակ

Առաջարկը պետք է հիմնված լինի ժամանակակից թանգարանային գործունեության պահանջների վրա՝ ապահովելով հավաքածուների պահպանումը, ցուցադրումը, ուսումնասիրությունը և հանրային հասանելիությունը։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել երեք հաստատությունների առանձին ինքնության պահպանմանը և միաժամանակ համագործակցության, համատեղ ծրագրերի ու ընդհանուր ենթակառուցվածքների ձևավորման հնարավորություններին։ Անհրաժեշտ է դիտարկել ինչպես ընդհանուր օգտագործման, այնպես էլ յուրաքանչյուր թանգարանի հատկացվող տարածքների հնարավոր հարաբերակցությունը։

3. Մատչելիություն և այցելուների փորձառություն

Հայեցակարգը պետք է ապահովի ներառական և համընդհանուր մատչելիություն, այցելուների հստակ կողմնորոշում, հարմարավետ տեղաշարժ և թանգարանային տարբեր գործառույթների միջև տրամաբանական կապ։ Մուտքային և ելքային համակարգը պետք է նախատեսված լինի տարբեր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների և մեծաթիվ կազմակերպված խմբերի համար։

Ցանկալի է ներկայացնել նաև այցելության տարբեր հնարավոր սցենարներ, օրինակ՝

·  մեկ թանգարան այցելելու,

·  ամբողջ համալիրով միասնական երթուղի անցնելու,

·  միայն ժամանակավոր ցուցադրություն կամ հանրային միջոցառում այցելելու,

· ստորգետնյա տարածք մուտք գործելու՝ առանց հիմնական թանգարանային շենքի ամբողջական երթուղին անցնելու հնարավորությունը։

4. Անվտանգություն և տեխնիկական իրատեսականություն

Առաջարկները պետք է ընդհանուր հայեցակարգային մակարդակում անդրադառնան՝

·  կառուցվածքային անվտանգությանը,

·  սեյսմակայունությանը,

·  հրդեհային անվտանգությանը,

·  արտակարգ ելքերին և տարհանման ուղիներին,

·  հիմնական և պահուստային մուտքերին,

·  օդափոխությանը և միկրոկլիմային,

·  խոնավության և ստորերկրյա ջրերի կառավարմանը,

·  թանգարանային ցուցանմուշների պահպանության պայմաններին,

·  առկա ստորգետնյա և ինժեներական ենթակառուցվածքների հետ համատեղելիությանը,

· Հանրապետության հրապարակի վերգետնյա երթևեկության և հանրային օգտագործման շարունակականությանը։

Այս փուլում ամբողջական ինժեներական հաշվարկների ներկայացում չի պահանջվում, սակայն առաջարկվող գաղափարը պետք է լինի տեխնիկապես հիմնավոր և հետագա ուսումնասիրությունների ու նախագծային զարգացման համար իրատեսական։

5. Պատմամշակութային ժառանգության պահպանում

Առաջարկները պետք է հաշվի առնեն թանգարանային շենքի, Հանրապետության հրապարակի և հարակից տարածքների պատմամշակութային արժեքը։ Ցանկացած առաջարկվող միջամտություն պետք է ներկայացնի ժառանգության պահպանության և նոր ճարտարապետական շերտի ներդրման միջև հավասարակշռված մոտեցում։

6. Շրջակա միջավայր և կայունություն

Խրախուսվում են՝

·  էներգաարդյունավետ,

·  շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու,

·  երկարաժամկետ շահագործման տեսանկյունից կայուն,

·  բնական ռեսուրսների խնայող օգտագործում նախատեսող,

·  վերանորոգման և հետագա փոփոխությունների հնարավորություն ապահովող լուծումները։

7. Փուլային իրականացում

Առաջարկը ցանկալի է ներկայացնել իրականացման հնարավոր փուլերով՝ հաշվի առնելով՝

·  թանգարանների անխափան գործունեությունը,

·  Հանրապետության հրապարակի հանրային օգտագործման շարունակականությունը,

· շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկության և հետիոտնային հոսքերի կազմակերպումը,

· ֆինանսական և տեխնիկական հնարավորությունների համաձայն՝ ծրագրի աստիճանական իրականացումը։

Ուսումնասիրության տարածքը

Հրավերի շրջանակում դիտարկվող տարածքն ընդգրկում է Հանրապետության հրապարակում գտնվող թանգարանային շենքը և հրապարակին ու դրա հարակից հատվածներին վերաբերող՝ կազմակերպչի կողմից տրամադրվող քարտեզներում և հատակագծերում նշված հնարավոր ստորգետնյա ուսումնասիրության գոտիները։

Առաջարկները կարող են ներառել նաև այնպիսի տարածական կապեր կամ մուտքային լուծումներ, որոնք դուրս են գալիս ստորգետնյա հիմնական ուսումնասիրության գոտու անմիջական սահմաններից, եթե դրանք անհրաժեշտ են համալիրի ամբողջական, անվտանգ և քաղաքաշինական տեսանկյունից հիմնավորված գործունեության համար։

Մասնակիցներին կտրամադրվեն առկա ելակետային նյութերը, այդ թվում՝

·  տարածքի և ուսումնասիրվող սահմանների քարտեզները,

·  նախնական ինժեներաերկրաբանական տեղեկությունը,

·  առկա հորատանցքերի և երկրաբանական կտրվածքների տվյալները,

·  երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունների առկա նյութերը,

·  ստորգետնյա հնարավոր անոմալիաների և հետազոտական գոտիների քարտեզները,

·  թանգարանային շենքի վերաբերյալ հասանելի հատակագծային և գործառութային տվյալները։

Ելակետային նյութերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Մշակույթի զարգացման հիմնադրամ, հեռ.՝ +37496772727, կոնտակտային անձ՝ Տիգրան Դայան:

Տրամադրվող նյութերը կրում են նախնական և տեղեկատվական բնույթ։ Դրանք չեն փոխարինում մանրամասն տեղագրական, հնագիտական, երկրաբանական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ, կառուցվածքային և ինժեներական հետազոտություններին, որոնք անհրաժեշտ կլինեն նախագծի հետագա փուլերում։

Հրավերին կարող են մասնակցել՝

·  ճարտարապետական կազմակերպություններ,

·  քաղաքաշինարարներ,

·  կառուցվածքային և ինժեներական նախագծողներ,

·  թանգարանային և ցուցադրական տարածքների նախագծման մասնագետներ,

·  պատմամշակութային ժառանգության պահպանության մասնագետներ,

·  լանդշաֆտային ճարտարապետներ,

·  ինտերիերի և ցուցադրության դիզայներներ,

·  արվեստագետներ,

·  թանգարանագետներ և մշակութային կառավարման մասնագետներ,

·  հնագետներ և հետազոտական հաստատություններ, միջգիտակարգային խմբեր։

Խրախուսվում է տարբեր ոլորտների մասնագետների համատեղ մասնակցությունը։ Թիմում ցանկալի է ունենալ առնվազն ճարտարապետության, ինժեներական նախագծման, ժառանգության պահպանության և թանգարանային գործունեության փորձառություն ունեցող մասնագետներ։

Հայտը պետք է ներառի՝

1. ճարտարապետական նախագծի հայեցակարգի համառոտ նկարագրություն՝ առավելագույնը 3–5 էջ,

2. գաղափարի հիմնավորում և հիմնական նպատակների ներկայացում,

3. ընդհանուր տարածական սխեմա կամ գլխավոր հատակագծային մոտեցում,

4.  վերգետնյա և ստորգետնյա տարածքների կապի սխեմա,

5. հիմնական և լրացուցիչ մուտքերի ու ելքերի տեղադիրքի և կազմակերպման առաջարկ,

6. առաջարկվող գործառույթների և տարածքների նախնական ցանկ,

7. այցելուների, աշխատակիցների, ցուցանմուշների և տեխնիկական սպասարկման հոսքերի սխեմաներ,

8. վերգետնյա հնարավոր միջամտությունների՝ հրապարակի քաղաքային և ճարտարապետական միջավայրի վրա ազդեցության ներկայացում,

9. տեսողական նյութեր՝ էսքիզներ, հատակագծեր, կտրվածքներ, դիագրամներ, կոլաժներ կամ եռաչափ պատկերներ,

10. իրականացման փուլերի նախնական մոտեցում,

11. տեխնիկական իրագործելիության համառոտ հիմնավորում,

12. հեղինակի կամ թիմի կազմը, ինքնակենսագրականները և համապատասխան փորձի նկարագրությունը։

Առաջարկները ներկայացվում են հայերեն կամ անգլերեն՝ մեկ միասնական PDF փաստաթղթով։

·  Փաստաթղթի առավելագույն ծավալը՝ 20 էջ

·  Ֆայլի առավելագույն չափը՝ 25 ՄԲ

Առաջարկների գնահատման չափանիշները

Ներկայացված գաղափարները կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝

·  գաղափարի որակ, ինքնատիպություն և ամբողջականություն,

·  թանգարանային գործառույթների ճիշտ և ժամանակակից կազմակերպում,

· Հանրապետության հրապարակի քաղաքաշինական և պատմամշակութային միջավայրի նկատմամբ զգայունություն,

·  թանգարանային երեք հաստատությունների կարիքների հավասարակշռված ներկայացում,

·  տարածական և գործառութային լուծումների հստակություն,

· մուտքային ու ելքային հանգույցների արդյունավետություն և ճարտարապետական հիմնավորվածություն,

·  վերգետնյա միջամտությունների համապատասխանությունը հրապարակի միջավայրին,

·  տեխնիկական իրատեսականություն,

·  անվտանգություն և համընդհանուր մատչելիություն,

·  բնապահպանական և շահագործման կայունություն,

·  փուլային իրականացման հնարավորություն,

·  առաջարկի հետագա զարգացման ներուժ։

Առաջարկները կդիտարկվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվելու են՝

·  պետական և համայնքային մարմինների ներկայացուցիչներ,

·  թանգարանների ղեկավարներ և ոլորտային մասնագետներ,

·  ճարտարապետներ և քաղաքաշինարարներ,

·  կառուցվածքային և ինժեներական մասնագետներ,

·  պատմամշակութային ժառանգության պահպանության փորձագետներ,

·  թանգարանագետներ,

·  հնագետներ,

·  միջազգային խորհրդատուներ։

Հանձնաժողովի կազմը կհրապարակվի հայտերի ընդունման ժամկետի ավարտից առաջ կամ արդյունքների հրապարակման ժամանակ։

Ընտրված առաջարկները կարող են՝

·  ներկայացվել հանրային ցուցադրության,

·  քննարկվել մասնագիտական աշխատաժողովի կամ հանրային քննարկումների ընթացքում,

·  ընդգրկվել թանգարանային համալիրի զարգացման հետագա տեխնիկական առաջադրանքի մշակման գործընթացում,

· հիմք հանդիսանալ հետագա ճարտարապետական կամ նախագծային մրցույթի կազմակերպման համար։

Կազմակերպիչը կարող է ընտրված հեղինակներին կամ թիմերին առաջարկել մասնակցել գաղափարի հետագա մշակմանը՝ առանձին պայմանագրային կամ մրցութային գործընթացի շրջանակում։ Սույն բաց հրավերին մասնակցությունը ինքնին չի նշանակում նախագծման ծառայությունների պայմանագրի կնքում կամ ներկայացված առաջարկի պարտադիր իրականացում։ Կազմակերպիչն իրավունք ունի հետագա գործընթացում միավորել տարբեր առաջարկներում ներկայացված գաղափարները՝ պահպանելով հեղինակային իրավունքի պահանջները և հեղինակների հետ ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունները։

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել info@cultfoundation.am էլեկտրոնային հասցեին, նամակի վերնագրում նշել՝ «Հանրապետության հրապարակի թանգարանային համալիրի ընդլայնման հայեցակարգ»։

Հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել մասնակցի կամ թիմի կոնտակտային տվյալները՝

·  անուն, ազգանուն,

·  կազմակերպություն,

·  հեռախոսահամար,

·  էլեկտրոնային հասցե։

Հայտերի ընդունման մեկնարկ՝ 10.07.2026 թ.:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 10.09.2026 (ներառյալ):