Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային կրթաթոշակ

Մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակային հնարավորություններ Բրազիլում

նոյեմբեր 05, 2026

Բրազիլում մեկնարկել է «Համաձայնագրերի շրջանակում հետբուհական կրթություն ստացող ուսանողների ծրագրի» (PEC-PG) 2027-2028 թվականների ընդունելության գործընթացը։

Ծրագրի շրջանակում Բրազիլիայի գիտական և տեխնոլոգիական զարգացման ազգային խորհրդի (CNPq) կողմից անցկացվող մրցույթի արդյունքում կտրամադրվեն մինչև 100 մագիստրոսական և 100 դոկտորական կրթաթոշակներ՝ Բրազիլի բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատություններում ուսումնառություն իրականացնելու նպատակով։

Ծրագրով նախատեսվում են հետևյալ հնարավորություններն ու արտոնությունները՝

  • Մագիստրոսական կրթաթոշակ՝ ամսական 2 100 բրազիլական ռեալ՝ 24 ամիս տևողությամբ ուսումնառության համար
  • Դոկտորական կրթաթոշակ՝ ամսական 3 100 բրազիլական ռեալ՝ 48 ամիս տևողությամբ ուսումնառության համար
  • Բրազիլի առողջապահության միասնական համակարգի (SUS) ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ երկրի քաղաքացիների հետ հավասար պայմաններով
  • Ուսումնառության ավարտից հետո վերադարձի համար ֆինանսական աջակցություն դեպի այն երկիր, որտեղ կրթաթոշակառուն դիմել է ծրագրին։

Դիմումների ներկայացման և ընտրության ընթացակարգը

Կրթաթոշակառուների ընտրությունը կիրականացվի ապակենտրոնացված կարգով՝ անմիջապես Բրազիլի համապատասխան բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների կողմից։

Մինչև 2026 թվականի դեկտեմբերը CNPq-ի պաշտոնական կայքում կհրապարակվի ծրագրին մասնակցող և կրթաթոշակառուներ ընդունելու իրավասություն ունեցող հետբուհական կրթական ծրագրերի ցանկը։ Ցանկի հրապարակումից հետո շահագրգիռ անձինք կարող են դիմել անմիջապես իրենց նախընտրած հաստատություններ՝ պահպանելով ինչպես մրցույթի ընդհանուր, այնպես էլ տվյալ կրթական ծրագրի կողմից սահմանված ընդունելության պահանջները։

Ընտրության գործընթացը նախատեսվում է իրականացնել 2027 թվականի մարտից մինչև 2028 թվականի մարտը։ Յուրաքանչյուր հաստատություն սահմանելու է ընդունելության իր ժամանակացույցը՝ նշված ժամանակահատվածի շրջանակում։

Հարկ է նշել, որ ընտրված թեկնածուները պետք է ինքնուրույն հոգան Բրազիլ մեկնելու և երկրում գտնվելու սկզբնական ծախսերը՝ մինչև կրթաթոշակի առաջին ամսական վճարումը ստանալը։

Լրացուցիչ տեղեկություններ

Ծրագրի պայմաններին, մասնակցության պահանջներին և ընդունելության ընթացակարգերին առավել մանրամասն ծանոթանալու համար շահագրգիռ անձինք կարող են այցելել CNPq-ի պաշտոնական կայք և PEC-PG ծրագրի պաշտոնական էջ (անգլերեն):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է դիմել CNPq-ին՝ conae@cnpq.br էլեկտրոնային հասցեով։

Ծրագրին մասնակցել ցանկացողներին խորհուրդ է տրվում պարբերաբար հետևել պաշտոնական կայքերում հրապարակվող տեղեկատվությանը՝ մասնակից հաստատությունների ցանկին, ընդունելության ժամկետներին և դիմելու պայմաններին ծանոթանալու համար։