Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Երիտասարդություն

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակցության հրավեր

հուլիսի 10, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է հայտեր 2026 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակցության համար:

Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Ծրագրի դասընթացավարներ են երիտասարդության ոլորտում տեղական ու միջազգային երկարամյա աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաև իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող անձանց և համայնքային աշխատողների համար, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ դասընթացին մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝

  • գործող երիտասարդական միջավայրերի (կենտրոնների, տարածքների) աշխատողները,
  • մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողները,
  • երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների աշխատակիցները կամ կամավորները,
  • սոցիալական աշխատողները, մշակույթի տան կամ գրադարանի աշխատողները, որոնց աշխատանքն ի պաշտոնե կամ փաստացի ուղղված է երիտասարդության ներուժի բացահայտման և իրականացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը։

2026 թվականին վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են եռափուլ՝ 2 խմբով։ 

1-ին խումբ՝

  • առաջին փուլ՝ սեպտեմբերի 6-10
  • երկրորդ փուլ՝ հոկտեմբերի 6-10
  • երրորդ փուլ՝ նոյեմբերի 4-7

2-րդ խումբ՝

  • առաջին փուլ՝ սեպտեմբերի 22-26
  • երկրորդ փուլ՝ հոկտեմբերի 20-24
  • երրորդ փուլ՝ նոյեմբերի 18-21

Մասնակիցների համար միաժամանակ կկազմակերպվի ուսումնաճանաչողական այց Գավառի «Երիտասարդների տուն» և «Հրազդան» երիտասարդական կենտրոններ։

Դասընթացի փուլերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացվելու են արտալսարանային տեսական ու գործնական աշխատանքներ։

Դասընթացի բոլոր փուլերին մասնակցությունը պարտադիր է: Դիմող անձը կարող է հայտում նշել իր նախընտրելի խումբը: Ընտրվելու դեպքում դասընթացի ժամանակ մասնակիցը չի կարող փոփոխել իր խումբը:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար դիմորդը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝

  • ունենա առնվազն միջին մասնագիտական կրթություն,
  • ունենա երիտասարդության ոլորտում առնվազն 1 (ցանկալի է 3) տարվա փորձ,
  • կամավորական աշխատանքի փորձառություն (կդիտարկվի որպես առավելություն)։

Դասընթացի մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվելու է նախարարության կողմից, և դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին առավելապես համապատասխանող թեկնածուները։

Դասընթացին մասնակցության հայտերն ընդունվում են առցանց մինչև 2026 թվականի հուլիսի 27-ը ներառյալ, որի համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղմամբ:

Դասընթացի ավարտին տրվելու է մասնակցության վկայական։

Ուշադրություն. վկայական կստանան այն մասնակիցները, որոնք նվազագույնը կմասնակցեն եռափուլ դասընթացի 80%-ին և կկատարեն անհատական աշխատանքների 80%-ը:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝

  • ԿԳՄՍ նախարարություն՝ 010 599 643 (543) հեռախոսահամարով կամ գրել youth@escs.am էլեկտրոնային փոստին,
  • ԵՆԿ ՀԿ՝ 095 919 197 հեռախոսահամարով կամ գրել julieta.sargsyan@yic.am էլեկտրոնային փոստին:

Դասընթացն իրականացվում է 2026 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի կազմակերպման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթի ընթացակարգով հաղթող ճանաչված Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։