Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակութային ազդագիր

Հին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում

նոյեմբեր 18, 2026

Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում նոյեմբերի 20-ին կբացվի «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման և հայ-հունական մշակութային երկխոսության խորացման տեսանկյունից։

Ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշներ, որոնք կլրացվեն Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներով։ Այսպիսով, մեկ ցուցադրական հարթակում կհամադրվեն հին աշխարհի մշակութային ժառանգությունը ներկայացնող մշակութային արժեքներ՝ հնարավորություն ընձեռելով բացահայտելու դրանց միջև առկա պատմական և մշակութային առնչությունները։

Առաջին անգամ Հունաստանում նման ընդգրկմամբ կներկայացվի նախաքրիստոնեական շրջանի Հին Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հատկապես ուրարտական ժամանակաշրջանին և դրա առնչություններին ու փոխազդեցություններին հին հունական և միջերկրածովյան քաղաքակրթությունների հետ։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու այն բարդ առևտրային և հաղորդակցական ուղիներին, որոնք Հայկական լեռնաշխարհը կապում էին Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի և Կրետեի հետ։ Ցուցանմուշների միջոցով կներկայացվեն նաև այս տարածաշրջանների միջև ձևավորված մշակութային հաղորդակցության, փոխանակման և փոխազդեցության բազմաշերտ ցանցերը: Դրանք վկայում են հին աշխարհի քաղաքակրթական գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև ժամանակաշրջանի մտավոր ու գեղարվեստական փոխազդեցություններին նրա գործուն մասնակցության մասին։

Ակրոպոլիսի աշխարհահռչակ հուշարձանային համալիրի հարևանությամբ գտնվող թանգարանում այս ցուցահանդեսի անցկացումն առանձնահատուկ խորհրդանշական իմաստ ունի։ Այն հին աշխարհի երկու հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող քաղաքակրթությունների հանդիպման, ինչպես նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը նորովի ներկայացնելու կարևոր հնարավորություն է։

Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ցուցանմուշներն ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ նոր քարի դարից մինչև վաղ քրիստոնեական ժամանակաշրջան՝ ներկայացնելով Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային զարգացման առանցքային փուլերը։

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։