Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Չայկովսկու անվան դպրոցի սաների բացառիկ հյուրախաղերը Ժնևում

հուլիսի 01, 2026

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը հունիսին մասնակցել է Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Հոբելյանական ծրագրի շրջանակում դպրոցի նվագախմբի կամերային կազմը համերգով հանդես է եկել Ժնևի կոնսերվատորիայի համերգասրահում՝ ներկայացնելով հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված հատուկ ծրագիր։ Հոբելյանական միջոցառումների գլխավոր համերգը տեղի է ունեցել Ժնևի հանրահայտ «Victoria Hall» համերգասրահում։

Բացառիկ հյուրախաղերի, ձեռքբերումների և Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում առկա գործընթացների  մասին մամուլի ասուլիսով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանը և դպրոցի նվագախմբի ղեկավար Դավիթ Մարուխյանը:

Սվետլանա Սահակյանը նշել է, որ անցած ուսումնական տարվանից  նախարարությունը հայտարարել էր մշակութային կրթության տարի, որը միտված էր նաև գեղարվեստական և գեղագիտական բարձր ճաշակ ունեցող, մշակութասեր սերունդ ձևավորելու գաղափարների մշակմանը։

«Գեղարվեստական կրթության ոլորտը նախարարության կարևոր առաջնահերթությաններից է, և գերատեսչությունը մշտապես աջակցում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցին։  Այս համատեքստում անչափ կարևորվում է դպրոցի մասնակցությունը միջազգային համագործակցությանը՝ համերգների, հյուրախաղային գործունեության, վարպետության դասերի, վերապատրաստման ծրագրերի, փորձի փոխանակման միջոցով։ Դրանք նպաստում են երեխաների և պատանիների մասնագիտական կրթության զարգացմանն ու հմտությունների կատարելագործմանը: Տարիների ընթացքում դպրոցը ձևավորել է  միջազգային համագործակցություն՝ եվրոպական երկրների գործընկեր կազմակերպությունների, հեղինակավոր երաժիշտների և կրթամշակութային հաստատությունների հետ»,- նշել է Սվետլանա Սահակյանը և հավելել, որ այս շրջանակում էլ հունիսին Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը մասնակցել է Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Նրա խոսքով՝ հյուրախաղերը նոր լիցք կհաղորդեն դպրոցի սաների մասնագիտական զարգացմանն ու  կատարելագործմանը։

Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանը, անդրադառնալով ուսումնական հաստատության  ձեռքբերումներին, նշել է, որ դպրոցն ունի միջազգային մրցույթների դափնեկիր ավելի քան 60 սան, որոնք Հայաստանում, եվրոպական տարբեր երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Չինաստանում,  Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել են միջազգային տարբեր մրցույթների, համերգների և փառատոների:

«Տարիներ շարունակ դպրոցի ներսում գործում է դաշնակահարների փառատոն, որի շրջանակում ակտիվ գործունեություն է ծավալում  դաշնամուրային բաժինը: Տարվա ընթացքում անցկացվել են ավելի քան 40 վարպետության դասեր, դպրոցի այցեքարտն համարվող մեր նվագախմբերը և երգչախումբը բազմաթիվ ելույթներ են ունեցել Հայաստանում և արտերկրում: Հրատարակվել է Չայկովսկու «Սերենադը»՝ բաղկացած չորս մասերից և Դանիել Երաժիշտի «Հայկական հոգևոր երաժշտության մանրանվագներ» ալբոմները: 2015 թվականից մինչ օրս համագործակցում ենք Վալանսի կոնսերվատորիայի հետ, որի շրջանակում ձևավորվել է հայ-ֆրանսիական նվագախումբ՝ տարիների ընթացքում մեծ գործունեություն ծավալելով Հայաստանում և Ֆրանսիայում: Համագործակցության շրջանակում այս տարի փետրվարին Ֆրանսիայի 6 քաղաքներում դպրոցի սաները հանդես են եկել համերգներով և գրանցել հաջողություններ: Դպրոցը հունիսին մեծ կազմով մեկնել է Շվեյցարիա՝ Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակի հոբելյանի կապակցությամբ։ Հետաքրքրական է, որ այս կոնսերվատորիայի տնօրենը մեր դպրոցի շրջանավարտն է: Հոբելյանական համերգը տեղի է ունեցել «Victoria Hall» համերգասրահում, որտեղ որպես մենակատար հանդես է եկել դպրոցի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դիանա Ադամյանը։ Նրա կատարմամբ հնչել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», ինչպես նաև հատվածներ «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես» բալետներից»,- նշել է դպրոցի տնօրենը և հավելել, որ Եվրոպայի ամենահեղինակավոր համերգային դահլիճներից մեկում հայ պատանի երաժիշտների ելույթը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն դպրոցի, այլև Հայաստանի մշակութային կյանքի համար։

Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի նվագախմբի ղեկավար Դավիթ Մարուխյանը խոսել է վեցամյա նվագախմբի մասին՝ ներկայացնելով ստեղծման պատմությունը. «Նվագախումբը ստեղծվել է երաժշտությունը սիրելու, այն ապրելու և զգալու նվիրական ջանքերով: Այս տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք ունեցել ենք բազմաթիվ բարդ համերգներ, որոնք ընթացել են հաջողությամբ՝ արժանանալով նաև միջազգային հանրության դրական արձագանքին»:

Այս համատեքստում նա, մասնավորապես, հիշատակել է Ժնևում կայացած համերգը, որի ավարտից հետո աշխարհահռչակ դիրիժոր Քրիստիան Վասկեսը հայտնել է իր կարծիքը՝ ելույթները որակելով որպես եվրոպական բարձր մակարդակի վարպետություն և կատարողական արվեստ։

«Վասկեսը հարցրեց՝ քանի եվրոպական երկրներից են նվագախմբի պատանի երաժիշտները: Երբ պատասխանեցի՝ նրանք մի երկրից են, և այդ երկիրը Հայաստանն է, ու նրանք բոլորը հայեր են, Վասկեսն արձագանքեց, որ այս մակարդակի նվագախումբ իրենց հաջողվում է ունենալ՝ հավաքելով լավագույն երաժիշտներին տարբեր երկրներից: Նրա համար գնահատելի էին նաև մեր տաղանդավոր կատարողների նվիրումն ու հույզերն առ երաժշտություն»,- պատմել է Դավիթ Մարուխյանը և ամփոփելով խոսքը՝ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության համար։