Ոչ ֆորմալ կրթությամբ աջակցելով դպրոցական ծրագրի իրականացմանը․ քննարկում կառավարությունում
հուլիսի 23, 2026
«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ռազմավարության հիմքում, որպես կարևոր սկզբունք, ամրագրված է որակյալ կրթության հասանելիությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօրվա Կառավարության նիստում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում Կանաչ տեխնոլոգիաների հաբի հիմնադրման մասին հարցի քննարկման ժամանակ: Նշված կենտրոնում իրականացվելու են ոչ ֆորմալ կրթական ծրագրեր:
«Երբ խոսում ենք որակյալ կրթության մասին, նկատի ունենք ոչ միայն ֆորմալ կրթական համակարգը, այլև ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները։ Ինչո՞ւ է սա կարևոր. ժամանակակից կրթությունը գնում է այն ճանապարհով, որ ֆորմալ կրթությունը պետք է անպայման լրացվի նաև ոչ ֆորմալ կրթական միջավայրերով: Պետք է հաշվի առնել, որ մարդիկ սովորում են ոչ միայն դպրոցում, քոլեջում, բուհում, այլև իրենց կյանքի յուրաքանչյուր պահին և տարբեր միջավայրերում: Եվ ինչքան ավելի ճկուն դարձնենք համակարգը, այնքան ավելի արդյունավեր կլինի սովորելու գործընթացը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ տեխնոլոգիական կրթությունը դարձել է Հայաստանի կրթական համակարգի բրենդը, ինչի մասին վկայում են բազմաթիվ հաջողված տեխնոլոգիական ոչ ֆորմալ կրթության օրինակներ: Դրանք, ըստ նրա, մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև Հայաստանից դուրս: Ժաննա Անդրեասյանը, որպես օրինակ, հիշատակել է ԹՈՒՄՈ կենտրոնները, «Արմաթ» լաբորատորիաները, որոնք գործում են 600-ից ավելի դպրոցներում, COAF-ի կրթական ցանցը և այլն։
«Տարբեր կառույցների հետ մենք ունենք հետաքրքիր համագործակցության փորձ: Հատկապես կարևորում եմ, որ նոր ծրագիրը հասանելի է լինելու ավագ դասարանների աշակերտներին, այսինքն՝ բավականին վաղ փուլում հնարավորություն կլինի աշխատել երեխաների հետ։ Ծրագրում ընդգրկված արհեստական բանականության, ինժեներական կրթության ուղղությունները, հնարավորություն կտան ուժեղացնելու նաև դպրոցը՝ ոչ ֆորմալ կրթության բովանդակությունն, այս դեպքում, աջակցելով դպրոցական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա նաև ընդգծել է՝ հնարավոր կլինի տարբեր ծրագրեր իրականացնելու նաև ճամբարային ձևաչափով և հաբն, իսկապես, դարձնել տարածաշրջանային կենտրոն՝ կարևոր ծրագրերի շուրջ համախմբելով նաև հարակից բնակավայրերի երիտասարդներին և երեխաներին։ Կարևորելով ծրագրի իրականացման համար ընտրված համայնքը՝ Ժաննա Անդրեասյանը ընդգծել է, որ մասնավորապես Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղը զբոսաշրջային շատ կարևոր կենտրոն է: Կառավարությունը նախորդող շրջանում այստեղ մեծ ծավալի ներդրումներ է կատարել՝ հեծանվային ուղու, վանական համալիրի տարածքի, ճանապարհների բարեկարգման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում համայնքի և բնակավայրի հետագա զարգացման համար։