Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Գիտություն

Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը

հուլիսի 23, 2026

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի լիցենզավորման, ինչպես նաև ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման նոր կարգերը սահմանող որոշումների նախագծերը։

Նախագծերը մշակվել են 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում սահմանված համակարգային բարեփոխումների ընթացքն ապահովելու նպատակով և ուղղված են բարձրագույն կրթության որակի ապահովման միասնական, թափանցիկ և միջազգային մոտեցումներին համադրելի համակարգի ձևավորմանը։

Առաջարկվող կարգավորումներով լիցենզավորումն ու հավատարմագրումը գործելու են որպես որակյալ բարձրագույն կրթական ծառայությունների մատուցումը երաշխավորող, միմյանց հաջորդական և փոխլրացնող պետական գործիքներ, մասնավորապես

  • Լիցենզավորմամբ հավաստվելու է, որ բուհը կամ բարձրագույն կրթության կրթական ծրագիրը համապատասխանում է բարձրագույն կրթական ծառայությունների որակի և կայունության միասնական նվազագույն շրջանակին։
  • Պարտադիր և շրջափուլային հավատարմագրմամբ էլ կապահովվի ոչ միայն համապատասխանության պարբերական հավաստումը, այլև բուհերի և կրթական ծրագրերի որակի շարունակական զարգացումը։

Այսպիսով՝ լիցենզավորումը բուհական գործունեություն սկսելու և շարունակելու իրավական նախապայման է, իսկ հավատարմագրումը՝ բուհի կամ կրթական ծրագրի որակի արտաքին գնահատման և հավաստման պարբերական գործընթաց։ Միաժամանակ, հարկ է հիշեցնել, որ առաջարկվող կարգավորումներով կրթական ծրագրի լիցենզավորումը չի փոխարինում ծրագրային հավատարմագրմանը, իսկ լիցենզավորված նոր ծրագրերը Օրենքով նախատեսված ժամկետում ենթակա են ծրագրային հավատարմագրման։ Տրամադրվելիք լիցենզիաները և հավատարմագրերը կարտացոլվեն միասնական պետական գրանցամատյանում։

Նախագծերի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների փողոց 22 հասցեում։

Առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ Օրբելի եղբայրների փողոց 22 հասցեով կամ info@hesc.am էլեկտրոնային փոստին։

Մանրամասները՝ https://tinyurl.com/cd3sx5x6 կայքում: