Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության կրկնակի հաղթող, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

հուլիսի 29, 2026

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 հավաքականի անդամ Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

71 կգ քաշայինների պայքարում Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:

Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության էր հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր հունգարացի Էրվին Ցուցորին, իսկ կիսաեզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 8:0 հաշվով պարտության էր մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կաստևին:

Ջանես Նազարյանը նաև Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության գործող չեմպիոնն է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝  վճռորոշ գոտեմարտում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Սաբա Աբաշիձեի նկատմամբ: