Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Ամփոփվել է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը

հուլիսի 31, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում իրականացվել են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումներ:

Հուլիսի 31-ին ամփոփվել են վերապատրաստման ծրագրի երրորդ փուլի արդյունքները, մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,  «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստան «ՏեխնՈւս» ծրագրի ղեկավար  Գայանե Աբգարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և անդրադարձել դպրոցներում դասավանդվող «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի կարևորությանը՝ նշելով, որ առարկան ուսուցանվում է տարրական դպրոցից և  հանդիսանում երեխայի թվային գրագիտության հիմքը:

«Այս առարկայի միջոցով երեխաները սկսում են սովորել տեխնոլոգիաները և դրանք կիրառել ուսումնական գործընթացում՝ հասկանալով, որ տեխնոլոգիաները ոչ միայն ժամանցի, հետաքրքիր տեղեկատվություն ստանալու համար են, այլ նաև բազմակողմանի զարգանալու, գիտելիք և հմտություն ձեռք բերելու մեծ հնարավորություն են ապահովում։ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» (ԹԳՀԳ) առարկայի ուսուցիչների առաջնային խնդիրներից է օգնել երեխաներին՝ ճիշտ պատկերացնելու տեխնոլոգիաների կիրառումը։ ԹԳՀԳ-ի դասավանդողների արդյունավետ ներուժը կարևոր է նաև դպրոցի ընդհանուր ուսումնական գործընթացի բարելավման առումով»,- նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ պահանջներն ու  ակնկալիքները ԹԳՀԳ դասավանդող ուսուցիչներից շատ մեծ են:

Վերապատրաստման ծրագրի երրորդ փուլի շրջանակում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի 180 ուսուցիչ Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից  անցել են վերապատրաստում։

2025–2026 թվականներին ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ վերապատրաստվել է 420 ուսուցիչ, որոնցից 165-ը դասավանդում են 5-6-րդ, իսկ 255-ը՝ տարրական դասարաններում։

ՀԲԸՄ Հայաստան «ՏեխնՈւս» ծրագրի ղեկավար Գայանե Աբգարյանը ևս շնորհավորել է ծրագրի մասնակիցներին: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում սերտ համագործակցության համար:

Նշվել է, որ վերապատրաստման ծրագրին մասնակից ուսուցիչների շուրջ 30%-ն արդեն մասնակցել է կամավոր ատեստավորմանը՝  գրանցելով 65%-91% արդյունք, իսկ որոշները ստացել են ուսուցչի որակավորման տարակարգ՝ 2-4-րդ աստիճան։