Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Կոտայքի մարզի ուսուցիչները մասնակցել են ԹԳՀԳ վերապատրաստմանը

հուլիսի 02, 2026

Ծաղկաձորում ամփոփվել է Կոտայքի մարզի «Թվային գրագիտության և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարելավման ծրագիրը, որն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը:

2026 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում «Կոտայքի մարզի թվային գրագիտության և համակարգչային գիտության (ԹԳՀԳ) ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարելավում» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի 91 դպրոցներից վերապատրաստում է անցել 2–12-րդ դասարաններում դասավանդող 252 ուսուցիչ։

Ծրագրի նպատակն է աջակցել ԹԳՀԳ նոր չափորոշչի արդյունավետ ներդրմանն ու դասավանդմանը՝ խթանելով դպրոցներում առանցքային թվային կարողությունների զարգացումը։

Վերջին ամիսների ընթացքում Կոտայքի մարզի ուսուցիչներն անցել են վերապատրաստման չորս մոդուլ՝ «Ալգորիթմական մտածողություն», «Ծրագրավորում» (տարրական դպրոցի ուսուցիչների համար՝ Scratch, բարձր դասարանների ուսուցիչների համար՝ Python), «Նախագծային ուսումնառությունը ԹԳՀԳ առարկայում» և «Արհեստական բանականության (ԱԲ) գրագիտություն»։