Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Կանադայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը

հուլիսի 02, 2026

Հայաստանում նշվել է Կանադայի ազգային տոնը, որին մասնակցել  և շնորհավորական խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։  Կանադայի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք:

Շնորհավորելով ազգային տոնի առթիվ՝ Արթուր Մարտիրոսյանը բարձր է գնահատել Հայաստան-Կանադա բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ գործընկերությունը, որոնք հիմնված են ընդհանուր քաղաքակրթական  արժեքների, փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ 35 տարի առաջ Հայաստանի և Կանադայի միջև հաստատված դիվանագիտական հարաբերություններից ի վեր համատեղ ձևավորվել է հաջողությամբ զարգացող գործընկերություն՝ մարդու իրավունքների, այդ թվում՝ մշակութային և կրթական հիմնարար ազատությունների և այլ ոլորտներում։

«Մեր կայուն և ամուր հարաբերություններն ընդգրկում են քաղաքական, մշակութային, կրթական, սոցիալ-տնտեսական և անվտանգության ոլորտները՝ ներառելով բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ, որոնք էական օգուտ են բերում մեր երկու պետություններին։ Այս հարաբերությունները, անկասկած, նոր թափ ստացան 2023 թվականին Երևանում Կանադայի մշտական դեսպանության բացմամբ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ Հայաստանի համար մեծ պատիվ էր այս տարվա մայիսին Երևանում հյուրընկալել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին և արտաքին գործերի նախարար Անիտա Անանդին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Այցը հնարավորություն է ընձեռել քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշելու մի շարք գործնական արդյունքներ, որոնք նոր բովանդակությամբ կհարստացնեն երկկողմ օրակարգը՝ մասնավորապես խորացնելով հարաբերությունները նաև կրթության, գիտության, մշակույթի,  երիտասարդության և սպորտի ոլորտներում։ Արթուր Մարտիրոսյանն առանձնակի ընդգծել է նաև երկու երկրների միջև ձևավորված համագործակցության ընդլայնումը կրթության ոլորտում «Այսօր բազմաթիվ հայ ուսանողներ կրթություն են ստանում Կանադայի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հատկապես ուրախությամբ նշում եմ, որ այս տարի Քվեբեկի կառավարությունը Հայաստանի քաղաքացիների համար տրամադրել է  անվճար կրթաթոշակային տեղեր՝  հնարավորություն ընձեռելով հայ ուսանողներին օգտվելու աշխարհի ամենազարգացած կրթական համակարգերից մեկից։ Ուրախությամբ կարող եմ նաև նշել, որ ներկայում ուսումնասիրում ենք համագործակցության հնարավորությունները Կանադայի մի շարք  այլ առաջատար համալսարանների հետ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։

Նա նաև ընդգծել է կանադահայ համայնքի նշանակալի ներդրումը Հայաստան-Կանադա  հարաբերությունների զարգացման և ամուր գործընկերության ձևավորման գործում։