Հաստատվել են 2026-27 ուստարվա կլինիկական ռեզիդենտուրայի ընդունելության տեղերը
օգոստոսի 06, 2026
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հաստատվել են 2026/2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների:
Հատկացվել է ընդհանուր 147 տեղ (այդ թվում՝ հետավարտական մեկամյա ուսումնառություն (ինտերնատուրա)), որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 62-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։
Ընդունելության տեղերը ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա:
Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով, ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, իսկ օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ: Ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո շահառուները պարտավորվում են աշխատանքային պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ` վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով:
Կառավարության որոշումը կնպաստի մարզային առողջապահական համակարգի տարածքային համաչափ զարգացմանը և առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումը: