Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

օգոստոսի 07, 2026

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2026-2027 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:

Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, որը բաժանվում է կիսամյակների: 

Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:

Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները: Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:

Դպրոցի սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով՝ յուրաքանչյուր կիսամյակի վերջում կազմակերպվող տարբերակված ստուգարքներով, ինչպես նաև քննություններով, որի ժամանակացույցը ներկայացված է համապատասխան աղյուսակներում:

Տարբերակված ստուգարքների և փոխադրական քննությունների անցկացման համար դպրոցի տնօրենի հրամանով ձևավորվում են առնվազն երեք մասնագետից բաղկացած հանձնաժողովներ՝ համապատասխան առարկայի կամ արվեստի ճյուղի ոլորտային մասնագետներից: Փոխադրական քննությունը և տարբերակված ստուգարքը անբավարար ստանալու դեպքում, տվյալ առարկայի համար կազմակերպվում է վերաքննություն՝ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ՝ օգոստոսի  15-25-ն ընկած ժամանակահատվածում: Սույն դրույթը չի վերաբերում «Համույթ», «Երգչախումբ», «Նվագախումբ», «Մարմնամարզություն» առարկաներին, որոնց ստուգարքը գնահատվում է «ստուգված»՝ նշված առարկաների հաճախումների առնվազն 75 տոկոսի դեպքում:

Ստուգարքը, փոխադրական քննությունը և վերաքննությունը անբավարար ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60 և ավելի, կամ մեկ առարկայից ընդհանուր 16 և ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը: Դպրոցի և սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) փոխադարձ համաձայնությամբ՝ սովորողի անհատական պարապմունքների անընդմեջ՝ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել՝ դպրոցի կողմից առաջարկված ժամանակացույցի համաձայն:

Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական տարվա ավարտին իրականացվող քննաշրջանի ընթացքում, ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և լիազոր մարմնի թույլտվության դեպքում: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

Սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա սովորողին կարող է տրամադրվել երկարաժամկետ (ակադեմիական) արձակուրդ՝  մեկ տարի ժամկետով:

Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն: Դասավանդվող առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը: 

Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում՝ փոքր համակազմ ունեցող դպրոցում այն կարող է բաղկացած լինել սկսած 3 սովորողից: