Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորում պետության և համայնքի կողմից․ նոր մոդել
հուլիսի 02, 2026
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մասնավոր նախադպրոցական ծառայությունների խթանման ֆինանսավորման նոր մոդելը՝ ներդնելով մեկ երեխայի հաշվով ֆինանսավորման մեխանիզմ՝ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ։
Զեկուցելով հարցը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախն է՝ ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը։ Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովել 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսի ընդգրկվածությունը նախադպրոցական կրթության մեջ, ինչպես նաև դպրոց ընդունվող բոլոր երեխաների առնվազն մեկամյա մասնակցությունը նախադպրոցական կրթական ծրագրերին։
«Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ նախադպրոցական կրթության մեջ առնվազն մեկ տարվա ընդգրկվածությունը հետագայում վճռորոշ ազդեցություն է ունենում երեխաների կրթական արդյունքների վրա։ Հետևաբար, առանցքային նշանակություն ունի նախադպրոցական կրթության ծածկույթի հնարավորինս ընդլայնումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ Կառավարության վարած քաղաքականության, մասնավորապես՝ «500 մանկապարտեզ» ծրագրի արդյունքում, 2021 թվականի համեմատ, 2025 թվականի տարեվերջի դրությամբ նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունն աճել է 17 տոկոսային կետով։ Ընդ որում՝ սա դեռ այն պայմաններում, երբ 500 մանկապարտեզների կառուցման ծրագրի արդյունքները դեռևս ամբողջությամբ արտացոլված չեն տեղեկատվական համակարգում։
Միևնույն ժամանակ, հատկապես քաղաքային բնակավայրերում շարունակվում են պահպանվել հերթեր, որոնց պատճառով բազմաթիվ երեխաներ մինչև դպրոց ընդունվելը չեն կարողանում ընդգրկվել նախադպրոցական ծառայություններում։ 2025 թվականի տարեվերջի դրությամբ Երևան քաղաքում հերթագրված էր 12 930 երեխա, որոնք հերթերի պատճառով հնարավորություն չեն ունեցել ընդգրկվելու նախադպրոցական կրթության մեջ։ Նշված խնդրի կարգավորման նպատակով կրթության զարգացման ռազմավարությամբ նախատեսվել է հատկապես քաղաքային բնակավայրերում ծառայությունների ընդլայնումն իրականացնել մասնավոր հատվածի հետ համագործակցության և մասնավոր նախադպրոցական ծառայությունների խթանման միջոցով։
«Այս ուղղությամբ արդեն կատարվել է զգալի աշխատանք։ Մասնավորապես՝ ներդրվել են մասնավոր նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման մեխանիզմներ։ 2025 թվականի ավարտին արդեն ունեինք 249 լիցենզավորված մասնավոր նախադպրոցական հաստատություններ։ 2024 թվականի համեմատ լիցենզավորված մասնավոր նախադպրոցական հաստատությունների թիվն աճել է շուրջ 61 տոկոսով. արդեն ավելի քան 10 000 երեխա է հաճախում է մասնավոր նախադպրոցական հաստատություններ»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ սա քաղաքային բնակավայրերում նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաների ընդամենը 22 տոկոսն է, ինչը նշանակում է՝ ոլորտն ունի զգալի զարգացման ներուժ, որն անհրաժեշտ է արդյունավետ իրացնել։
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ներդրվող պիլոտային ծրագիրը վերաբերում է այն երեխաներին, որոնք պատկանում են ավագ տարիքային խմբին՝ 5-6 տարեկան են, առնվազն 9 ամիս հերթագրված են եղել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սակայն առկա հերթերի կամ համապատասխան տևողությամբ ծառայության բացակայության պատճառով չեն ընդգրկվել այդ հաստատությունում։ Այս երեխաները կկարողանան դառնալ պետական և համայնքային ֆինանսավորման մոդելով իրագործվող կրթական ծրագրի շահառու։
«Առաջարկվող մոդելի համաձայն՝ եթե համայնքը ֆինանսավորում է ծառայության արժեքի մինչև 50 տոկոսը, ապա մնացածը՝ մինչև 50 տոկոսի չափով, կհոգա պետական բյուջեն։ Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել նաև ծնողների համավճար։ Այդուհանդերձ, սահմանում ենք դրա առավելագույն չափը՝ ծառայությունների ֆինանսական մատչելիությունն ապահովելու նպատակով։ Մասնավորապես՝ ծնողական համավճարը չի կարող գերազանցել պետական ֆինանսավորման մեկ երեխայի հաշվով չափաքանակի 80 տոկոսը, ինչը տարեկան կազմում է շուրջ 430 հազար դրամ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
Ծրագրի իրականացումը նախատեսվում է փուլային եղանակով։ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից այն կմեկնարկի Երևան, Աբովյան և Վանաձոր քաղաքներում, իսկ 2028 թվականից կներդրվի բոլոր քաղաքային բնակավայրերում։
«Կարծում ենք՝ մասնավոր նախադպրոցական հաստատություններին անհրաժեշտ է բավարար ժամանակ՝ պատրաստվելու այս նոր ծառայությունների փաթեթի ներդրմանը և պետության ու համայնքների հետ համագործակցության նոր ձևաչափին»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու տեղեկացրել՝ ընդունված որոշմամբ նախատեսվում են նաև կարևոր փոփոխություններ թվայնացման ուղղությամբ։ Մասնավորապես՝ ֆինանսավորումն իրականացվելու է թվային հարթակում մուտքագրված տվյալների հիման վրա, ինչը կապահովի ֆինանսավորման միասնական մոտեցում, տվյալների արժանահավատություն և կառավարման արդյունավետության բարձրացում։
Ողջունելով որոշման ընդունումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետությունը հանձնառու է յուրաքանչյուր երեխայի համար ապահովել նախադպրոցական կրթության հնարավորություն: Նրա խոսքով՝ չնայած իրականացվող լայնածավալ մանկապարտեզաշինության ծրագրերին, քաղաքային բնակավայրերում հերթագրված երեխաների թիվը շարունակում է աճել: Նա կարևորել է կրթության ոլորտում մասնավոր ներդրումների աճը, որոնք խթանում են որակյալ նախադպրոցական ծառայությունները։