Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումները՝ Երևանում
օգոստոսի 12, 2026
Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում Երևանի 12 վարչական շրջաններում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ սպորտային տարբեր արշավներ, թեմատիկ քննարկումներ, պանելային հանդիպումներ, խաղ-վիկտորինաներ, ազգագրական պարերի ուսուցում, թատերական ներկայացումներ, համերգային ծրագրեր և այլն:
Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսի ներքո:
Օրվա շրջանակում «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ում անցկացվել է «Իմ միջավայրը՝ իմ մարտահրավերը» թեմայով պանելային քննարկումը: Հանդիպման ընթացքում բանախոսներն անդրադարձել են երիտասարդության շրջանում կրթության ոլորտում առկա մարտահրավերներին, հնարավորություններին և ապագայի տեսլականին։ Երիտասարդները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, կիսվելու մտքերով և տեսակետներով՝ ձևավորելով բաց ու բովանդակալից երկխոսություն։
Երևանի Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը հյուրընկալել է գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանին. նա համաժամանակյա խաղ է անցկացրել մարզադպրոցի 20 սաների հետ: Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաների համար անցկացվել է սպորտային խաղ-միջոցառում, իսկ թաեքվոնդո մարտարվեստի սաները հանդես են եկել արևելյան մարտարվեստի ցուցադրական ելույթներով /Էրեբունի վարչական շրջան/:
Համերգային ծրագրով հանդես են եկել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մշակութային հաստատությունների սաները, իսկ Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներն էլ ելույթ են ունեցել դասական երաժշտության համերգով և պատանի նկարիչների ստեղագործական աշխատանքների ցուցահանդեսով:
Համո Սահյանի անվան գրադարանի և Գրիգոր լուսավորիչ բժշկական քոլեջի ուսանողները Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում հանդես են եկել հանրության շրջանում «Հանուն առողջ ապագայի խորագրով իրազեկման միջոցառմամբ:
Նորք-Մարաշ վարչական շրջանի «Օլիմպոս» կրթահամալիրի գրադարանում երիտասարդ ընթերցողների հետ կազմակերպվել է բանավեճ-քննարկում՝ «Գրադարանի և ընթերցանության կարևորությունը երիտասարդների կյանքում» թեմայով։ Երիտասարդ ընթերցողները հանդիպել են ժամանակակից գրող Դավիթ Սամվելյան հետ, կիսվել իրենց մտքերով և գաղափարներով:
Երեկոյան Ավան վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների սաները Թումանյան թաղամասի այգում հանդես կգան համերգային ծրագրով, իսկ Կասկադ համալիրի տարածքում տեղի կունենա պարային միջոցառում: Երեկոյան Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում երիտասարդների մասնակցությամբ կանցկացվեն ազգագրական պարերի ցուցադրություն և ուսուցանում:
Երիտասարդության միջազգային օրը նշվում է՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած բանաձևի: Օրվա շրջանակում ՀՀ շուրջ 50 համայնքներում, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքն է, իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: