Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Երիտասարդություն

Կապանում Երիտասարդության միջազգային օրը նշվել է բազմաբնույթ միջոցառումներով

օգոստոսի 12, 2026

2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, իրականացվել են տարաբնույթ նախաձեռնություններ:

Միջոցառումները մեկնարկել են պլոգգինգով՝ երիտասարդների մասնակցությամբ տարածքի մաքրման աշխատանքներով՝ զուգակցված վազք մարզաձևով:

Օրվա շրջանակում տեղի է ունեցել երիտասարդ նկարիչների համատեղ ցուցահանդեսի բացում, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա շրջել է ցուցասրահում, ծանոթացել ցուցանմուշներին, զրուցել երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով ու հետաքրքրությունների շրջանակով:

Կայացել են նաև «Ապագա առաջնորդներ. երիտասարդություն, նորարարություն, մշակութային ժառանգություն» ֆորումը և երիտասարդության ոլորտին առնչվող թեմաներով պանելային քննարկումը: Պանելային քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի համակարգող Հասմիկ Ալեքսանյանը, Կապան երիտասարդական կենտրոնի ղեկավար Հրանտ Արզումանյանը, ինչպես նաև կապանցի երիտասարդ Ժենյա Ղազարյանը:

Օրվա շրջանակում իրականացվել են «Լեռների և գետերի միջև» կոմիքսների շարքի ներկայացում և փորձարկում, տաղավարային ցուցադրություն երիտասարդական տարբեր թեմաներով: 

Ավելի վաղ Կապանում անցկացվել էր նաև «Հրաշալի գաղափարների մրցույթի» արդյունքների ամփոփումը:  ԿԳՄՍ նախարարության, «Օսմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հետ համագործակցությամբ Սյունիքի մարզի երիտասարդների համար կազմակերպված մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հաղթող գաղափարի հեղինակ ստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն՝ իր գաղափարը կյանքի կոչելու նպատակով։ Հաղթողներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Տոնական օրը Կապանում ամփոփվել է գալա համերգով:

Երիտասարդության միջազգային օրը նշվում է՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած բանաձևի: Այս տարի օրն անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով։ Օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցակցվում նաև Երևանում և ՀՀ շուրջ 50 համայնքներում: