Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Պետությունը կֆինանսավորի մարզերում դպրոցականների լող, հրաձգություն և դահուկային սպորտ մարզաձևերի ուսուցումը

հուլիսի 02, 2026

Գործադիրը հաստատել է ՀՀ մարզերում գործող մասնավոր մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրերը և դրանց ֆինանսավորման կարգը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Կառավարության քաղաքականությունն է ընդլայնել երեխաների՝ սպորտով զբաղվելու հնարավորությունները՝ ապահովելով առկա սպորտային ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործումը, այդ թվում՝ մասնավոր հատվածի կողմից շահագործվող ենթակառուցվածքների միջոցով։

Նրա տեղեկացմամբ՝ 2024 թվականից մեկնարկած փորձնական ծրագրով մարզերում ֆինանսավորվում են դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքները, որոնք անցկացվում են մասնավոր լողավազաններում։ Ներկայում Ապարանում, Վանաձորում, Մեծամորում, Իջևանում և Հրազդանում բազմաթիվ երեխաներ այս ծրագրի շրջանակում սովորում են լող, իսկ նրանցից մի քանիսն արդեն մասնակցում են նաև մարզական մրցումների։

Ծրագրի հաջող իրականացման արդյունքները օրենսդրական փոփոխության հիմք են հանդիսացել, մասնավորապես՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում սահմանվել է կարգավորում, ըստ որի՝ մարզերում մասնավոր սպորտային ենթակառուցվածքներում երեխաների՝ տարբեր մարզաձևերով զբաղվելու ծրագրերը կարող են ֆինանսավորվել պետության կողմից:

«Մարզաձևերի ընտրության համար սահմանվել են հստակ սկզբունքներ։ Նախ տվյալ մարզաձևի համար պետք է առկա լինի պետական կամ համայնքային ենթակառուցվածքների պակաս, այն լինի օլիմպիական մարզաձև, ինչպես նաև պետության համար առաջնահերթություն լինի այդ մարզաձևի մասսայականացումը և երեխաների մասնակցության աճը»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ ընդունվող կարգով սահմանվում են պահանջներ թե՛ մարզական ենթակառուցվածքների, թե՛ մարզիչների որակավորման և ուսումնամարզական ծրագրերի բովանդակության նկատմամբ։ Յուրաքանչյուր մարզաձևից ուսումնական ծրագրերը կիրականացվեն երկու տարիքային խմբերի համար՝ երեքական ենթախմբով: Սահմանվում են նաև ամեն տարիքային խմբում պարապողների առավելագույն քանակը, շաբաթական ուսումնամարզական գործընթացի տևողությունը և հաճախականությունը: Սահմանվում են նաև թվային հարթակով գրանցման, հետագայում նաև մոնիտորինգի հնարավորությունները, ինչպես նաև ուսումնամարզական գործընթացի ավարտին նախատեսվող արդյունքների չափորոշիչները: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ մեկ երեխայի հաշվով ֆինանսավորման չափը յուրաքանչյուր մարզաձևի համար հաշվարկվել է շուկայական գների ուսումնասիրության հիման վրա։

«Կիրականացվեն դրամաշնորհային մրցույթներ, և չափորոշիչներին համապատասխանող կառույցները կկարողանան դիմել և մրցութային գործընթացը հաղթահարելու դեպքում տվյալ համայնքում մեկնարկել պետական դպրոցների համապատասխան տարիքային խմբերի երեխաների գրանցումը։ Եթե լողավազանը տեղակայված է Ապարանում, ապա Ապարան համայնքում տեղակայված բոլոր պետական դպրոցների համապատասխան տարիքի երեխաները կկարողանան դիմել և, ըստ գրանցման հերթականության, մասնակցել ծրագրին»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ձևավորվելու են նաև սպասման խմբեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հրաձգություն մարզաձևի ենթակառուցվածքներ կան 7 մարզերում՝ ընդհանուր 42 հրաձգարան, որոնք, սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում կարող են մասնակցել ծրագրին և ընդլայնել երեխաների հրաձգությամբ զբաղվելու հնարավորությունները։ Դահուկային սպորտի դեպքում ևս 5 մարզերում գործում են 9 կենտրոններ և կազմակերպություններ, որոնք նույնպես կարող են ներգրավվել ծրագրում։

Նախարարի խոսքով՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության այս մոդելը դիտարկվում է որպես ինստիտուցիոնալ լուծում։ Նա նաև հայտնել է, որ տիպային մարզահամալիրների կառուցման ծրագրի շրջանակում արդեն շինարարության մրցույթներ են հայտարարվել Եղեգնաձորում, Արարատում և Մարտունիում։ Կառուցումից հետո մարզահամալիրները նախատեսվում է հանձնել հավատարմագրային կառավարման մասնավոր հատվածին, իսկ պետությունը կշարունակի աջակցել դրանց գործունեությանը՝ նման ծրագրերի ֆինանսավորման միջոցով։

«Սա մեզ համար ռազմավարական ուղղություն է, և շարունակելու ենք հետևողականորեն ընդլայնել այս համագործակցության շրջանակը»,– ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, նշել է՝ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իր նախընտրելի սպորտով զբաղվելու առնվազն երկու-երեք այլընտրանքային հնարավորություն: Նա շեշտել է նաև մասնավորի հետ  պետության համագործակցության կարևորությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ այս մոտեցումը կընդլայնի թե՛ երեխաների տարբեր մարզաձևերով զբաղվելու հնարավորությունները, թե՛ կխրախուսի մասնավորին ներդրումներ կատարել սպորտային ենթակառուցվածքներում՝ դրանով իսկ նպաստելով սպորտի տնտեսականացմանը։