Մշակույթ
Գորիսում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը
օգոստոսի 15, 2026
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը համայնքներում ձևավորում է մշակութային և ժամանցային ակտիվ միջավայր՝ մարդկանց միավորելով մեկ ընդհանուր տոնի շուրջ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը և Հանրային հեռուստաընկերության Գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շրջել են Գորիսով և մասնակցել տեղական արտադրանքի տոնավաճառին:
Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երեկոյան կայացել է երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը, որով էլ եզրափակվել է «Ֆեստիվառի» գորիսյան երեկոն։
Այսպիսով՝ փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել համտեսելու տեղական արտադրանքը, այցելելու թաքնված ու հայտնի անկյունները և վայելելու համերգային ծրագիրը։
Առջևում վերջին կանգառն է. օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ։