Նախադպրոցական և արտադպրոցական կրթության ոլորտի անելիքները՝ օգոստոսյան խորհրդակցությունների օրակարգում
օգոստոսի 18, 2026
2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են oգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները:
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Նախադպրոցական կրթության չափորոշիչն ամբողջությամբ ներդրվել է
Արաքսիա Սվաջյանն առաջին հերթին անդրադարձել է նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրմանը՝ նշելով, որ գործընթացն ավարտական փուլ է մտել։ Չափորոշիչն արդեն ամբողջությամբ ներդրվել է մանկապարտեզներում, իսկ համապատասխան աշխատանքներն իրականացվել են նաև դպրոցներին կից նախակրթարաններում և նախադպրոցական կրթական գործունեություն իրականացնող այլ հաստատություններում։
Նախարարի տեղակալի խոսքով՝ ներդրման ընթացքում ստացված հետադարձ կապի հիման վրա չափորոշչում նաև որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես՝ հստակեցվել են կարողունակությունների ձևակերպումները՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները, վերանայվել են վերջնարդյունքները և զարգացման միջավայրին ներկայացվող պահանջները։
Անդրադարձ է կատարվել նաև տարատարիք խմբերի համար նախատեսված ծրագրերին։ Մշակվել են առանձին ծրագրեր, որոնք առաջիկայում հասանելի կլինեն հաստատություններին և հնարավորություն կտան առավել արդյունավետ կազմակերպելու տարատարիք խմբերի կրթական գործընթացը։
Արաքսիա Սվաջյանը կարևորել է նախադպրոցական կրթության դերի նկատմամբ հանրային ընկալման փոփոխությունը՝ ընդգծելով, որ մանկապարտեզն առաջին հերթին կրթական միջավայր է, որտեղ ձևավորվում են երեխայի հետագա ուսումնառության համար անհրաժեշտ կարողություններն ու հմտությունները։
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Կառավարության հաջորդ ծրագրի համար որպես թիրախ նախատեսվում է սահմանել 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության պարտադիր լինելը։ Մինչ այդ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նախադպրոցական կրթության լիարժեք հասանելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս բնակավայրերում։
Արաքսիա Սվաջյանը շեշտել է նախադպրոցական կրթության կարևորությունը երեխայի հետագա ուսումնառության տեսանկյունից՝ նշելով, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ավելի հեշտ են հարմարվում դպրոցական միջավայրին և ավելի մեծ հաջողություններ են ունենում առաջադիմության առումով:
Ընդլայնվել է նախակրթարան հաճախելու տարիքային շեմը
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններին։
Կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է նախակրթարան հաճախելու տարիքային շեմին։ Եթե նախկին կարգավորմամբ նախակրթարան կարող էին հաճախել միայն 5-6 տարեկան երեխաները, ապա այժմ այդ հնարավորությունը նախատեսված է 4-6 տարեկանների համար։ Այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական ծառայություն հասանելի չէ, մանկապարտեզ չկա, տարիքային շեմը սահմանվել է 3-6 տարեկանը։
Փոփոխության նպատակը նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության մեծացումն ու ծառայությունների հասանելիության ապահովումն է։
Շարունակվում են մանկավարժների վերապատրաստման և տարակարգի տրամադրման ծրագրերը
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նախադպրոցական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ծրագրերը։
2025 թվականին վերապատրաստվել են 1100 նախադպրոցական մանկավարժ և շուրջ 750 օգնական։ Ընդ որում՝ օգնականների վերապատրաստումն իրականացվել է առաջին անգամ։ Նախարարի տեղակալի խոսքով՝ ընթացիկ տարում նախատեսվում է վերապատրաստման գործընթացը սկսել ավելի վաղ և կազմակերպել առավել համակարգված՝ նվազեցնելով հաստատությունների աշխատանքային գործընթացի վրա հնարավոր ազդեցությունը։
Մասնագիտական զարգացման կարևոր բաղադրիչներից է նաև տարակարգի տրամադրման գործընթացը։ Ներկայում 134 նախադպրոցական մանկավարժ արդեն ստացել է տարակարգ, որոնցից 5-ը՝ երկրորդ աստիճանի։
Արաքսիա Սվաջյանը հորդորել է հաստատությունների ղեկավարներին խրախուսել աշխատակիցների մասնակցությունը տարակարգի շնորհման գործընթացին։ Միաժամանակ նախատեսվում է վերանայել տարակարգի համար սահմանված հավելավճարների չափերը. համապատասխան նախագիծը նախատեսվում է ներկայացնել հանրային քննարկման։
Նոր մասնագետների ներգրավման հնարավորություն՝ 20 կրեդիտով ծրագրի միջոցով
Ոլորտում նոր կադրերի ներգրավման նպատակով շարունակվում է նաև 20 կրեդիտով վերապատրաստման ծրագիրը։ Այն հնարավորություն է տալիս որոշակի մանկավարժական մասնագիտություն ունեցող անձանց վերապատրաստվելու և աշխատանքի անցնելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Վերապատրաստումն իրականացնում են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը և Արարատի պետական քոլեջը։
Նախարարի տեղակալը հորդորել է հաստատությունների ղեկավարներին թափուր հաստիքների առկայության դեպքում ծրագրի հնարավորությունների մասին տեղեկացնել ոլորտում աշխատելու հետաքրքրություն ունեցող մասնագետներին։
Քննարկվել են պետական ֆինանսավորման մեխանիզմները
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախադպրոցական կրթության ոլորտում պետական ֆինանսավորման և սոցիալական աջակցության ծրագրերին։
Մասնավորապես՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթության վարձը փոխհատուցվում է պետական բյուջեից։ Նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Միաժամանակ, հաշվի առնելով սոցիալական անապահովության գնահատման նոր համակարգի փուլային ներդրումը՝ այս մեխանիզմի կիրառումը կիրականացվի համակարգի ներդրմանը զուգահեռ։ Ըստ այդմ, նոր ուսումնական տարում պետական ֆինանսավորմամբ նախադպրոցական ծառայություններից կկարողանան օգտվել Սյունիքի և Կոտայքի մարզի՝ սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաները:
Ընդլայնվում են 0-2 տարեկան երեխաների մսուրային ծառայությունները
Առանձին անդրադարձ է կատարվել վաղ մանկության ծառայությունների զարգացմանը։
Երևանում չորս մանկապարտեզում, Գյումրիում և Վանաձորում՝ երկուական, իսկ Հրազդանում՝ մեկ մանկապարտեզում արդեն գործում են 1-2 տարեկան երեխաների խմբեր։
Երևանում նախատեսվում է գործարկել նաև հանրապետությունում առաջին՝ 6-12 ամսական երեխաների խումբը։ Դրա համար արդեն մշակվել են համապատասխան սննդի նորմատիվները։ Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա նախատեսվում է հետագայում ընդլայնել վաղ մանկության ծառայությունները։ Կառավարության հաջորդ ծրագրով նախատեսվում է 1-2 տարեկան երեխաների համար մսուրային ծառայություններ հասանելի դարձնել խոշորացված համայնքներում, իսկ Երևանում՝ վարչական շրջաններում։
Կարևորվել է մանկապարտեզների լիցենզավորման գործընթացը
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը՝ ընդգծելով, որ սահմանված նվազագույն պայմանները պարտադիր են ինչպես մասնավոր, այնպես էլ համայնքային հաստատությունների համար։
Նրա խոսքով՝ բազմաթիվ մանկապարտեզներ արդեն ստացել են լիցենզիա, սակայն որոշ հաստատություններ դեռևս փաստաթղթային և այլ խնդիրներ ունեն։ Հաստատությունների ղեկավարներին հորդորվել է հետևողական աշխատանք տանել այդ խնդիրների կարգավորման և լիցենզավորման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով աշխատանքներն ավարտվել են շուրջ 450 մանկապարտեզում
Անդրադարձ է կատարվել նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին։ Ներկայացված տվյալների համաձայն՝ աշխատանքներն արդեն ավարտվել են շուրջ 450 մանկապարտեզի շինարարությունը կամ բարեկարգումը։ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ մինչև տարեվերջ աշխատանքները շարունակվելու են ինտենսիվ տեմպով։ Նորակառույց և հիմնանորոգված մանկապարտեզները համալրվում են նաև նոր գույքով։
Առաջիկայում նախատեսվում է ուսումնասիրություն իրականացնել՝ հաստատությունների ղեկավարներից հետադարձ կապ ստանալու տրամադրված գույքի հարմարավետության, տեսակների և քանակների վերաբերյալ։ Արդյունքները հաշվի կառնվեն հետագա ծրագրերի իրականացման ընթացքում։
Կառավարության հաջորդ ծրագրով նախատեսվում է բարեկարգել և վերակառուցել ևս 100 մանկապարտեզ։
Արտադպրոցական կրթություն. ենթակառուցվածքներից մինչև բովանդակային բարեփոխումներ
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում արտադպրոցական կրթություն իրականացնող կենտրոնների տնօրենների և մանկավարժական աշխատողների հետ ևս քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցերը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն առաջնահերթ անդրադարձել է արտադպրոցական հաստատությունների ենթակառուցվածքներին՝ նշելով, որ դրանցից շատերը տարիներ շարունակ բարեկարգման ծրագրերում ընդգրկված չեն եղել։
Նրա խոսքով՝ առաջարկվել է Կառավարության նոր ծրագրով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի տրամաբանությամբ բարեկարգել նաև 100 արտադպրոցական հաստատություն, որոնցից 50-ը՝ սպորտի, 50-ը՝ մշակույթի ուղղությամբ։
Ներկայում իրականացվում է առավել վատ վիճակում գտնվող հաստատությունների հաշվառում։ Ենթակառուցվածքների բարելավմանը զուգահեռ նախատեսվում են նաև բովանդակային փոփոխություններ՝ ծրագրերի և հայեցակարգերի վերանայում։
«Զուգահեռաբար ուսումնասիրվում է միջազգային փորձը, և դրան համապատասխան սահմանվում են նաև կարգավորումներ։ Կառավարության հաստատմանն են ներկայացվել արտադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնների նկարագրերը։ Արդեն մշակվել են մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների նկարագրերը, որոնցում հստակ առանձնացված են պարտականությունները, յուրաքանչյուր պաշտոնին ներկայացվող կրթական, կարողությունների և գիտելիքների պահանջները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
Ընդլայնվում է կամավոր ատեստավորման ուղղությունների շրջանակը
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև արտադպրոցական հաստատությունների աշխատակիցների կարողությունների զարգացման ծրագրերին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորմանը։ Ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարի սպորտի և արվեստի ուղղություններով ատեստավորվել է 279 մանկավարժական աշխատող։
Այս տարի ընդլայնվել է ատեստավորման ուղղությունների շրջանակը։ Մշակույթի ոլորտում ներառվել են դասական, ժողովրդական և էստրադային երգեցողությունը, երաժշտության տեսությունը, սոլֆեջիոն, հարվածային գործիքները, կիթառը, երգչախմբային խմբավարությունը և այլ ուղղություններ։
Սպորտի ոլորտում նախատեսված է 20 ուղղություն, այդ թվում՝ ծանրամարտ, ֆուտբոլ և ֆուտզալ, լող, հանդբոլ, սուսերամարտ, լեռնադահուկային սպորտ, թենիս, բադմինտոն, նետաձգություն, հրաձգություն և այլն։
Ըստ նախարարի տեղակալի՝ ուղղությունների բազմազանեցումը նպատակ ունի խթանել տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների մասնակցությունը կամավոր ատեստավորմանը։ Ժամանակացույցն ու համապատասխան ուղեցույցները կհրապարակվեն հաջորդաբար։
Դրույքային ծանրաբեռնվածությունը կսահմանվի 20 ժամ
Քննարկված հարցերից մեկը վերաբերել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների դրույքային ծանրաբեռնվածությանը։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից այն կսահմանվի շաբաթական 20 ժամ՝ համադրելի դառնալով հանրակրթական դպրոցներում գործող դրույքային ծանրաբեռնվածության հետ։
«Կառավարության նոր ծրագրով թիրախ է սահմանվել, որ դպրոցական տարիքի յուրաքանչյուր երրորդ երեխա պետք է ընդգրկված լինի արտադպրոցական կրթության մեջ։ Մեզ համար շատ կարևոր է երեխաների բազմակողմանի զարգացումը՝ հաշվի առնելով նրանց առանձնահատկություններն ու նախասիրությունները։ Այս նպատակի իրագործմանն է ուղղված նաև պետության կողմից սոցիալական կրեդիտների ներդրումը. ծնողների վճարած եկամտային հարկից սոցիալական կրեդիտի միջոցով հնարավոր կլինի տարեկան մինչև 100 հազար դրամի վերադարձ ստանալ։ Արտադպրոցական կրթությունը ևս ներառված է այս համակարգում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
Նախարարի տեղակալը կարևորել է նաև արտադպրոցական կրթություն իրականացնող համայնքային հաստատությունների և երաշխավորված ծրագրերով աշխատող մասնավոր կառույցների միջև առողջ մրցակցային միջավայրի ձևավորումը։ Նրա գնահատմամբ՝ այն կնպաստի մատուցվող ծառայությունների որակի և գրավչության բարձրացմանը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև ոլորտային այլ հարցեր: Տեղի է ունեցել հարցուպատասխան: