Մեկնարկել է «Սևանի հիշողությունը. ձկնորսության մշակույթ» ծրագիրը
օգոստոսի 18, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Սևանի հիշողությունը. ձկնորսության մշակույթ» ծրագիրը։ Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում հավանության արժանացած ծրագրերից է։
Ծրագրի նպատակն է՝ բացահայտել և հանրայնացնել Սևանա լճի ավազանի ձկնորսական համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգությունը, պահպանել Սևանի մշակութային «հիշողությունները» և զբոսաշրջային վայրերում տեղեկատվական վահանակների տեղադրման միջոցով դրանք հասանելի դարձնել լայն հանրությանը։
Դրա շրջանակում դաշտային ուսումնասիրությունների միջոցով կհավաքագրվեն ավանդույթներ, կենցաղային պրակտիկաներ, բանավոր պատմություններ և տեղական գիտելիքներ։ Ձեռք բերված նյութերի հիման վրա կստեղծվի կարճ փաստավավերագրական ֆիլմ՝ պրոմո հոլովակներով, որը կներկայացնի Սևանա լճի և համայնքների սոցիոմշակութային կապն ու փոփոխությունները:
Ծրագրի ընթացքում կպատրաստվի նաև թեմատիկ վիդեո փոդքաստ մասնագետների մասնակցությամբ՝ անդրադառնալով ձկնորսական մշակույթի մարդաբանական և բնապահպանական նշանակությանը։ Երիտասարդների ներգրավումը կխթանի համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գործում նրանց մասնակցությունը: