Կառավարությունը միջոցներ է հատկացրել «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի անցկացման նպատակով
օգոստոսի 20, 2026
Կառավարությունը միջոցներ է հատկացրել Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի կազմակերպման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սպորտը պատշաճ ուշադրություն է ստացել նաև Կառավարության նոր ծրագրի շրջանակում։ Նրա խոսքով՝ Կառավարության քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանի դիրքի ամրապնդումը միջազգային սպորտային քարտեզի վրա՝ տարբեր մարզաձևերի միջազգային մրցաշարեր և առաջնություններ հյուրընկալելու միջոցով։
Նախարարը նշել է, որ նախորդ տարիներին Հայաստանն այս ուղղությամբ արդեն զգալի փորձ է կուտակել և առաջիկայում ևս մի շարք միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնելու հանձնառություններ ունի։ Մասնավորապես՝ հաջորդ տարի Հայաստանում նախատեսվում է անցկացնել սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային միջազգային խաղերը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և այլ մրցաշարեր։
«Այս ցանկը շարունակաբար համալրվում է նորանոր առաջնություններով։ Սակայն այս մրցաշարերի շարքում առանձնանում է միջազգային բազմօրյա հեծանվավազքի անցկացումը, որը, բացի յուրահատուկ և դիտարժան մրցաշար լինելուց, հնարավորություն է տալիս նաև բացահայտելու տվյալ երկիրը և հարյուրավոր կիլոմետրեր անցնող հեծանվորդների հետ միասին տեսանելի դարձնելու երկրի տարբեր բնակավայրերն ու միջավայրերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ միջազգային բազմօրյա հեծանվաերթերը զգալի ազդեցություն են ունենում հյուրընկալող երկրի միջազգային տեսանելիության և ճանաչելիության վրա՝ միաժամանակ նպաստելով զբոսաշրջության զարգացմանը։ Նման մրցաշարերը նաև յուրատեսակ գովազդային արշավ են երկրի համար՝ միջազգային լսարանին ներկայացնելով երկրի բնությունը, մշակույթը և զբոսաշրջային հնարավորությունները։
Որպես օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է «Տուր դը Ֆրանսը» (Tour de France) և «Ջիրո դ’Իտալիան» (Giro d'Italia), որոնք հեռարձակվում են աշխարհի ավելի քան 190 երկրներում։ Ըստ նախարարի՝ այդպիսի մրցաշարերի շնորհիվ հյուրընկալող երկրները ստանում են մեծածավալ միջազգային մեդիա տեսանելիություն՝ առանց համարժեք գովազդային ծախսերի։ Սրան գումարվում է նաև երկիր այցելող զբոսաշրջիկների թվի աճը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ միջազգային հեծանվավազքերը կարող են Հայաստանի լեռնային և բարդ ճանապարհների հանդեպ հետաքրքրություն առաջացնել նաև սիրողական հեծանվորդների շրջանում: Ակնկալվում է նաև երկրպագուների այցելությունների աճ, ինչը կարող է լրացուցիչ տնտեսական ազդեցություն ապահովել։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև նման մասշտաբի մրցաշարի կազմակերպման նշանակությունը՝ ընդգծելով, որ այն միջազգային հանրությանը ցույց է տալիս երկրի՝ անվտանգ, կայուն և զարգացած ենթակառուցվածքներ, այդ թվում՝ համապատասխան ճանապարհներ ունենալը։
«Այսպիսի մրցաշարի անցկացումն իսկապես ռազմավարական նշանակություն ունի։ Սա մեզ համար ամբողջությամբ նոր փորձառություն է, և շատ կարևոր է, որ մեր երկիրը ձևավորի նման կարողություն՝ հետագայում այդ հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու և զարգացնելու համար»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ մրցաշարի կազմակերպման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռևս երկու տարի առաջ։ Բանակցություններ են վարվել հայտնի մրցաշարեր կազմակերպող միջազգային խորհրդատվական ընկերության հետ, ինչի արդյունքում Հեծանվորդների միջազգային միությունը 2026 թվականի իր օրացույցում հաստատել է «Tour of Armenia»-ն՝ որպես Հայաստանում անցկացվելիք բազմօրյա հեծանվաերթի առաջին միջազգային մրցաշար։
Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը: Մրցաշարի ժամանակացույցը՝
- սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ,
- սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 177 կմ,
- սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 162 կմ,
- սեպտեմբերի 13՝ Երևան՝ 113 կմ՝ 10 շրջապտույտով։
Նախարարի խոսքով՝ նման ձևաչափը հնարավորություն կտա մեծ թվով հանդիսատեսի հավաքվել և տեղում հետևել մրցաշարին։
«Նախատեսում ենք մրցաշարին 18-ից 20 թիմերի մասնակցություն՝ տարբեր երկրներից։ Արդեն իսկ պարզ է, որ աշխարհագրությունը շատ բազմազան է՝ Ճապոնիա, Իտալիա, Ղազախստան, Մեծ Բրիտանիա, Թաիլանդ, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխիա, Գերմանիա և այլ երկրներ։ Իհարկե, մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը»,- հայտնել է Ժաննա Անդրեասյանը։
Մրցաշարի նախապատրաստման և կազմակերպման նպատակով ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն արդեն մեծածավալ աշխատանք է իրականացրել։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «Tour of Armenia»-ի միջազգային հեռարձակումն ապահովելու ուղղությամբ։
Մրցաշարը կազմակերպվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով։ Այսօր ընդունված որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 885 մլն դրամ կհատկացվի: Կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման մի մասն էլ ապահովվել է մասնավոր հատվածի ներգրավմամբ, մասնավորապես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ։
Կարևորելով նախաձեռնության իրականացումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացման համար միայն ֆեդերացիաների ֆինանսավորումը կամ ենթակառուցվածքների առկայությունը բավարար չեն․ անհրաժեշտ է ձևավորել ակտիվ սպորտային կյանք։ Որպես օրինակ՝ նա անդրադարձել է հրաձգության հավաքականի հաջողություններին՝ ընդգծելով, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացման համար ձեռք բերված գույքն ու տեխնիկան հետագայում մարզիկներին հնարավորություն են տվել ավելի արդյունավետ մարզվել և նպաստել է աշխարհի առաջնությունում նրանց գրանցած հաջողություններին: Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի միջազգային ճանաչելիության և տեսանելիության բարձրացման հնարավորությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մրցաշարի ժամանակ Հայաստանը շուրջ 500 կիլոմետր ճանապարհով և երկարությամբ ներկայանալու հնարավորություն ունի, և բոլոր այն բնակավայրերը, համայնքները, որոնցով անցնելու է մրցաշարը, ստանում են բացառիկ հնարավորություն՝ ներկայացնելու իրենց արտադրանքը, զբոսաշրջային գրավչությունը և դրանով իսկ նաև տեսանելի դառնալու միջազգային այցելուների և զբոսաշրջիկների համար:
Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ կատարվել են նախընթաց աշխատանքներ, որպեսզի գործընկերները կարողանան օգտագործել մրցաշարին մասնակցելու բոլոր հնարավորությունները: Նրա ընդգծմամբ՝ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպումն ամբողջությամբ նոր փորձառություն, է և կազմակերպման ընթացքում առաջանում են որոշակի տեխնիկական, կազմակերպչական, ծառայությունների և հնարավորությունների մասով հարցեր, որոնք այս պահին ձևավորվում են այլ երկրներից. «Այդ փորձառությունն ու կարողությունը ձևավորելով՝ այն մեզ վստահություն է տալիս հաջորդ տարիներին մեր երկրում զարգացնելու հնարավորություններ, որոնց շնորհիվ Հայաստանն արդեն իսկ այդ ուղղությամբ իր սեփական ռեսուրսներն ունենալով՝ կարող է առաջ գնալ»:
Նախարար Ժաննա Ադրեասյանը նշել է նաև, որ մրցաշարի անցկացման վերաբերյալ հանրության շրջանում իրազեկման բարձրացման նպատակով նախատեսվում է ակտիվ գովազդային արշավ. ձևավորվել է առանձին կայք, և առաջիկայում առանձին բրենդավորմամբ և ուղեկցող գովազդային նյութերով կմեկնարկի իրազեկման լայն արշավ՝ պատշաճ մասնակցություն ապահովելու նպատակով։