Սահմանվել են արտադպրոցական կրթության ոլորտի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների միասնական անվանացանկն ու նկարագրերը
օգոստոսի 21, 2026
Կառավարության որոշմամբ սահմանվել են արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական ու վարչատնտեսական աշխատողների պաշտոնների միասնական անվանացանկը և պաշտոնների նկարագրերը՝ նպատակ ունենալով ստեղծել ոլորտում աշխատողների պաշտոնների, գործառույթների և դրանց ներկայացվող մասնագիտական պահանջների միասնական իրավական հիմք։
Նոր կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է արտադպրոցական կրթության համակարգի զարգացման, կազմակերպությունների և կենտրոնների գործունեության առանձնահատկություններին համապատասխան պաշտոնների հստակեցման, ինչպես նաև աշխատողների գործառույթների և որակավորման պահանջների միասնական կարգավորման անհրաժեշտությամբ։
Յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանվում են աշխատանքային հիմնական գործառույթները, գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև պաշտոնը զբաղեցնող անձի որակավորման նվազագույն պահանջները: Այս մոտեցումը հնարավորություն կտա պաշտոնի անվանումը և դրա փաստացի բովանդակությունը համապատասխանեցնել միմյանց՝ ապահովելով գործառույթների և պատասխանատվության առավել հստակ տարանջատում։
Մանկավարժական պաշտոնների մասնագիտացված մոտեցում
Մարզական ուղղության կազմակերպությունների համար նախատեսվում են համապատասխան մասնագիտացված պաշտոններ՝ մարզիչ-մանկավարժ, հրահանգիչ-մեթոդիստ, ակրոբատիկայի մարզիչ-մանկավարժ, փրկարար մարզիչ-մանկավարժ և այլ պաշտոններ։
Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար սահմանվում են տվյալ ոլորտների մասնագիտական գործունեությանը համապատասխան պաշտոններ։
Պաշտոնների նկարագրերում ընդգծվում են երեխաների զարգացմանը, կրթական և ստեղծագործական գործընթացի կազմակերպմանը, անվտանգության և առողջության պահպանմանը վերաբերող գործառույթները։
Վարչատնտեսական գործառույթների հստակեցում
Սահմանվում են նաև ֆինանսատնտեսական կառավարման, հաշվապահական հաշվառման, անձնակազմի կառավարման, գործավարության, տեխնիկական սպասարկման և այլ ուղղությունների պաշտոններ։ Հաշվի են առնվում կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից բխող հատուկ վարչատնտեսական կարիքները։
Որոշման ընդունմամբ կբարձրանա աշխատողների գործառույթների և պատասխանատվության հստակությունը, կստեղծվեն ավելի կանխատեսելի պայմաններ աշխատողների ընտրության, աշխատանքի կազմակերպման և որակավորման պահանջների սահմանման համար, կբարելավվեն արտադպրոցական կազմակերպությունների կառավարման մեխանիզմները և կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում, ինչպես նաև մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել է շուրջ 5543 ուսուցիչ, իսկ մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են շուրջ 2300 մարզիչ-մանկավարժներ։
Հաշվի առնելով, որ նոր կարգավորումների ներդրումը կարող է առաջացնել կազմակերպչական աշխատանքների անհրաժեշտություն՝ որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։