Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Կայացել է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը

օգոստոսի 22, 2026

Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում, կայացել է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը՝ միավորելով երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին և ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի տարածքում, ծանոթացել վրանային հատվածին, ապա խարույկի շուրջ զրուցել մրցույթ-փառատոնի մասնակիցների հետ: Փառատոնի երկրորդ օրը նա շրջայց է կատարել «Վարչաֆեստի» շրջանակում բացված տաղավարներում։ Միջոցառումներին ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Փառատոնի շրջանակում կատարումներով հանդես են եկել եզրափակիչ փուլ անցած 20 երաժշտախմբերը: Կատարումներից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել բոլոր մասնակիցներին և ժյուրիի անդամներին, խոսել փառատոնն ընդլայնելու և ամենամյա դարձնելու, ինչպես նաև լավագույն մասնակիցների մասնակցությամբ գալա համերգ կազմակերպելու գաղափարի մասին:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, բոլոր այն գործընկերներին, որոնք մասնակցություն են ունեցել այսօրվա փառատոնի կազմակերպման գործում:

Հաջորդիվ՝ «Վարչաբենդ» երաժշտական խումբը հանդես է եկել ելույթով, որում հանդես է գալիս և հարվածային գործիքներով նվագում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կատարումներին հաջորդել է պարգևատրման արարողությունը: Հաղթողները որոշվել են ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։

Գլխավոր մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին արժանացել է «Red Line» խումբը: Պարգևատրմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ժյուրիի նախագահ Վագահն Հայրապետյանը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Dophamin» խումբը, երկրորդ հորիզոնականը՝ «Noosh» խումբը, երրորդ հորիզոնականը՝ «Folkastic» խումբը: Փառատոնի մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ՝ նախատեսված գլխավոր, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրների համար։ Գլխավոր մրցանակը 4 000 000 դրամ է, առաջին մրցանակը՝ 3 000 000 դրամ, երկրորդ մրցանակը՝ 2 000 000 դրամ, երրորդ մրցանակը՝ 1 000 000 դրամ:

«Վարչաֆեստ 2026»-ի մրցութային փուլին նախորդել են կենդանի լսումներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց մասնակցել են երիտասարդ երաժիշտներից կազմված շուրջ 100 խմբեր: Մրցութային բոլոր փուլերում մասնակիցների կատարումները գնահատել է ոլորտի ճանաչված մասնագետներից կազմված ժյուրին՝ ապահովելով ընտրության մասնագիտական և անաչառ ընթացքը։

Լսումների արդյունքներով նախ ընտրվել են 50 լավագույն խմբերը, իսկ եզրափակիչ փուլ անցել են 20 երաժշտախմբեր: Եզրափակիչ փուլ անցած երաժշտախմբերը մասնակցել են «Վարչաֆեստ» վրանային ճամբարի ծրագրին։

Փառատոնի երկու օրերի ընթացքում անցկացվել է նաև համերգային հատուկ ծրագիր՝ սիրված երաժշտական խմբերի մասնակցությամբ։

«Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ։

Փառատոնը կոչված է դառնալու երիտասարդ երաժիշտների բացահայտման, նրանց ստեղծագործական ներուժի զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորման կարևոր հարթակ՝ միաժամանակ նպաստելով կենդանի երաժշտության մշակույթի զարգացմանն ու Հայաստանի մշակութային կյանքի հարստացմանը: