Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում

օգոստոսի 27, 2026

 ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հոբելյանական այս կարևոր իրադարձության նշումը պետք է կազմակերպվի հավուր պատշաճի՝ հերթական անգամ արժևորելով պետականությունը՝ իբրև կարևորագույն ձեռքբերում և նպաստելով նաև քաղաքացիների և պետության կապի ամրապնդմանը։

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ միջոցառումներ են նախատեսված ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում:

«Սա իսկապես պետք է դառնա իրադարձություն և տոն մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում և յուրաքանչյուր համայնքում: Միջոցառումներն ընդգրկելու են թե՛ հյուսիսը, թե՛ հարավը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ տոնական միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին Իջևանում, այնուհետև սեպտեմբերի 18-ին՝ Վանաձորում, 19-ին՝ Կապանում և սեպտեմբերի 20-ին՝ Գյումրիում:

Վանաձորում տեղի կունենա համերգ, որը կղեկավարի հրավիրյալ համաշխարհային դիրիժորը։ Կապանում նախատեսվում է տարբեր բենդերի մասնակցություն. համերգին կմասնակցի նաև «Վարչաֆեստ 2026» փառատոնի մրցանակակիր «Ռեդլայն» խումբը, որը ներկայացնում է Կապանը: Օրվա միջոցառումները պլանավորված  են այնպես, որ Անկախության 35-ամյակի նշանավորման համատեքստում ընդգծվի Հանրապետության հրապարակն իր ճարտարապետությամբ՝ որպես պետության խորհրդանիշ: Միջոցառումը կունենա  երկու հատված. ներկայացում  և համերգ՝  սիրված  երաժիշտ կատարողների մասնակցությամբ: Երեկոն կավարտվի  հրավառությամբ Հանրապետության հրապարակում:

«Սա ևս խորհրդանշական է՝ հաշվի առնելով, որ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում»,- նշել է նախարարը և  բոլորին հրավիրել մասնակցելու մեր երկրի համար կարևոր այս տոնակատարությանը:

Հոբելյանական միջոցառումների շարքը կամփոփվի սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ՀՀ անկախության տոնին նախատեսվում է թանգարանային նոր ցուցադրություն սեպտեմբերի 21-ին կբացվի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն Բեռլինի թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» խորագրով միջազգային ցուցադրությունը: Ցուցադրությունն առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբի Բեռլինի թանգարանային կղզու 6 թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ընտրանին։ Այս ցուցադրությունն այցելուին բացառիկ հնարավորություն կտա հանդիպելու տարբեր մշակութային միջավայրերի տիեզերագիտական պատկերներին ու գաղափարներին՝ հին աշխարհից մինչև միջնադար և արդի ժամանակներ։ Ցուցադրությունը կգործի 6 ամիս: