Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Արհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․  Ժաննա Անդրեասյան

օգոստոսի 27, 2026

Կրթության հիմնական բովանդակությունը պետք է լինի հմտությունների ձևավորումը, մասնավորապես՝ հարցեր ձևակերպելու, խնդիրներ առաջադրելու և այդ հարցերի պատասխանները փնտրելու հմտությունների զարգացումը: Այս մասին այսօր Կառավարության նիստում ծավալված քննարկման ընթացքում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն ընդգծել է, որ արհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը, առաջին հերթին՝ կրթության բովանդակությունը և   ուսուցման մեթոդները։

«Մենք կարիք ունենք վերանայելու՝ ինչ սովորել, և ակնհայտ է, որ գիտելիքի ու տեղեկատվության փոխանցումը պետք է չլինի կրթության հիմնական բովանդակությունը։ Դրա բովանդակությունը պետք է լինի հմտությունների ձևավորումը, մասնավորապես՝ հարցեր ձևակերպելու, խնդիրներ առաջադրելու և այդ հարցերի պատասխանները փնտրելու հմտությունների զարգացումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ արհեստական բանականությունն այն գործիքն է, որի գրագետ կիրառումը հնարավորություն կտա էապես բարձրացնել նաև սովորելու արդյունավետությունը։ Այս համատեքստում նա կարևորել է նոր ծրագրերի մեկնարկը՝ անդրադառնալով Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցությանը։

«Այս տարվա սեպտեմբերից թե՛ բարձրագույն կրթական համակարգի, թե՛ հանրակրթության համար հասանելի են դառնում արհեստական բանականության կրթական գործիքները։ Տրամադրվում է 50 000 անվճար բաժանորդագրություն, ինչը լավ հնարավորություն է նաև դասախոսական և ուսուցչական կազմերի համար՝ փորձարկելու այդ մեթոդներն ու գործիքները»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝  արհեստական բանականության զարգացումն առավել ընդգծված է դարձնում մարդու անհատականության և ստեղծագործականության կարևորությունը, որոնք դառնում են առանցքային ուղենիշներ։

«Երեխաների ստեղծագործականության խթանմանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել, որովհետև մրցունակությունն առաջին հերթին դրանով է պայմանավորված լինելու»,- ընդգծել է նա։

Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է կրթական համակարգում արհեստական բանականության ներդրման ու դրա կիրառման ընդլայնման հարցերը։