Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

«Ասիայում մշակութային ժառանգության դաշինքը» նոր հնարավորություններ է տալիս

հուլիսի 03, 2026

«Ասիայում մշակութային ժառանգության դաշինքը» Հայաստանի համար միջազգային համագործակցության արդյունավետ հարթակ է, որի շրջանակում մեր երկրի հնարավորությունները շարունակաբար ընդլայնվում են:  Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել է 2021 թվականին. Հայաստանը նախաձեռնության հիմնադիր անդամներից է։ Ներկայում դաշինքին միացել են նաև այլ երկրներ։

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրության վերավավերացման նախագիծը։

Ազգային ժողովը 2025 թվականի հունվարի 22-ին արդեն վավերացրել է դաշինքին միանալու մասին օրենքը, սակայն կանոնադրությունում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ նոր վավերացման անհրաժեշտություն է առաջացել։ 2024 թվականի հունիսի 19-ին կառույցը վերափոխվել է միջազգային միջկառավարական կազմակերպության, ինչի հետևանքով անհրաժեշտ է վերահաստատել Հայաստանի անդամակցությունը։

Դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարևոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման, կառավարման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով։

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ 2025 թվականին ԿԳՄՍ նախարարությունը «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքին» ներկայացրել է դրամաշնորհային հայտ՝ ստանալով շուրջ 32 մլն դրամի աջակցություն «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում և պահպանում» ծրագրի համար, որը կիրականացվի 2027 թվականին։

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: