Կառավարությունը հաստատել է ՀԱՊՀ ռեկտորի ընտրության արդյունքները
օգոստոսի 27, 2026
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ հանրային բուհի ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիրն օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ հիմնադրի կողմից ընտրության արդյունքները հաստատվելուց հետո։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ Կառավարության։
Նա նշել է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 29-ին։ Մրցույթին մասնակցելու համար գրանցվել է երեք հավակնորդ։ Ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում 18 կողմ ձայնով բուհի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը՝ հինգ տարի ժամկետով։ Ներկայացնելով ռեկտորին՝ նախարարը նշել է, որ նախորդ ժամանակահատվածում նա ղեկավարել է բուհը, և այս ընթացքում Պոլիտեխնիկը գրանցել է դրական արդյունքներ։
«Բարձրագույն կրթության բարեփոխումներում առանցքային կարևորություն ունի տեխնոլոգիական բուհի ձևավորումը, որտեղ Պոլիտեխնիկական համալսարանն ունենալու է առանցքային նշանակություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագրով նախատեսվում է տեխնոլոգիական կլաստերի ձևավորում ակադեմիական քաղաքում։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, անդրադառնալով նախորդ հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքին, ընդգծել է, որ բուհում ապահովվել է որակավորումների ազգային շրջանակի ամբողջ շղթան։
Մասնավորապես, 2024 թվականին հիմնադրվել է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի (STEAM) ուղղվածությամբ հիմնական դպրոց, ինչի արդյունքում համալսարանում ձևավորվել է նախադպրոցականից մինչև բարձրագույն և դոկտորական կրթություն ընդգրկող ամբողջական տեխնոլոգիական կրթության համալիր։
Զարգացման ծրագրերը ներառել են կրթական տարբեր աստիճանները․ նախակրթարանում ներդրվել է ռոբոտատեխնիկայի ծրագիր, որը հետագայում իրականացվել է նաև Երևանի մի շարք մանկապարտեզներում, հիմնական դպրոցում շեշտադրվել է բնագիտական և ինժեներական առարկաների խորացված ուսուցումը, իսկ ավագ դպրոցում ներդրվել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը, համալսարանը միջազգային վարկանիշավորման սանդղակներում արձանագրել է առաջընթաց: