Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում
օգոստոսի 27, 2026
Հայ ծանրորդները հաջող մրցելույթներ են ունեցել Կոսովոյում անցկացված Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում:
Հայաստանի թիմից չեմպիոնի կոչմանն արժանացել է Մ15 տարեկանների հավաքականի անդամ Տիգրան Ավետիսյանը՝ 75 կգ քաշայինների պայքարում երկամարտի 268 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր:
Առանձին վարժություններում ևս Ավետիսյանը ոսկե մեդալներ է նվաճել: Պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահել է 112, 119 և 122 կգ, իսկ հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահել է 140 և 146 կգ կշռող ծանրաձողերը։
Մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը երկամարտի 212 կգ արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում նա 97 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 115 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալը:
Մրցումային հերթական օրը մինչև 15 տարեկանների 60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը երկամարտի 218 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 93 կգ, 97 կգ և 100 կգ։ Այս վարժությունում նա առաջինն էր։ Հրում վարժությունում Ադիբեկյանը գլխավերևում պահել է 114 կգ և 118 կգ։ Այս վարժությունում նա արժանացել է արծաթե մեդալի։
Պատանիների 60 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Պետրոսյանը երկամարտի 241 կգ արդյունքով հռչակվել է ԵԱ-ի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 102 կգ, 105 կգ ու 108 կգ կշռող ծանրաձողերը։ Այս ձևում նա արժանացել է արծաթե մեդալի։ Հրումում նա գլխավերևում պահել է 127 կգ ու 133 կգ։ Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը պոկել է 100 կգ ու 103 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 121 կգ ու 125 կգ։ Երկամարտի 228 կգ արդյունքով՝ Հարությունյանը ԵԱ-ում 4-րդն է:
Մ15 տարեկանների 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը երկամարտի 252 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Առանձին վարժություններում ևս Մովսիսյանը արծաթե մեդալներ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 115 և 122 կգ կշռող ծանրաձողերն ու կանգնել պատվո հարթակի երկրորդ հարթակին: Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր:
85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Ավետիսյանը երկամարտի 309 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում նա 141 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 168 կգ արդյունքով երրորդն էր:
Նշենք՝ Հայաստանի թիմից առաջին մեդալը նվաճել է Մ15 տարեկանների հավաքականի անդամ 55 կգ քաշային Գրիգոր Աղավելյանը: Պոկում վարժությունում նա հաջողությամբ բարձրացրել է 83 կգ ու 85 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 5-րդն էր: Իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 110 կգ կշռող ծանրաձողը: Այս ձևում Աղավելյանը դարձել է ոսկե մեդալակիր: Երկամարտի 198 կգ արդյունքով Գրիգոր Աղավելյանը 4-րդն է:
Ծանրամարտի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ է մտել նաև 45 կգ քաշային Քրիստինե Բաբայանը: Վերջինս պոկում վարժությունում բարձրացրել է 53 և 56 կգ (5-րդ տեղ), իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 68 կգ (5-րդ տեղ): Երկամարտի 124 կգ արդյունքով Քրիստինե Բաբայանը Եվրոպայի այս առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը
70 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ասատուր Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրել է 115 կգ և 119 կգ։ Հրում վարժության երկու հաջող մոտեցմամբ նա գլխավերևում պահել է 145 կգ և 150 կգ։ Այս վարժությունում Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի առաջնության մինչև 15 տարեկանների աղջիկների 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականից հանդես է եկել Ակսաննա Թորոսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 66 կգ, իսկ հրում` 85 կգ, 88 կգ: Երկամարտի 154 կգ արդյունքով Թոորսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը:
Պատանեկան առաջնության 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մյասնիկ Կարապետյանը երկամարտի 249 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 112 կգ, իսկ հրում վարժությունում՝ 137 կգ արդյունք:
Մրցումային նախավերջին օրն աղջիկների 69 կգ քաշային ծանրորդների պայքարում Նատալյա Սարգսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 80 կգ և 84 կգ, սակայն անհաջող մասնակցություն է ունեցել հրում վարժությունում, ինչի արդյունքում երկամարտի արդյունք չի ունեցել:
Կոսովոյում անցկացված պատանեկան Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ են մտել 95 կգ և գերծանքր քաշային մարզիկները։
Հայաստանի հավաքականից Ալեն Խաչատրյանը երկամարտի 313 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 137 և 142 կգ կշռող ծանրաձողերը՝ այս ձևում դառնալով արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ բարձրացնելով 165 և 171 կգ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեն Զուրաբյանը երկամարտի 307 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Զուրաբյանը բարձրացրել է 133 կգ, իսկ հրում վարժությունում 174 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։
Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Էրիկ Սիմոնյանը երկամարտի 327 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է 140 կգ և 145 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում 182 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: