Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության համար․ Ժաննա Անդրեասյանի ասուլիսը

օգոստոսի 28, 2026

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը։

ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է 2026-2027 ուսումնական տարվա հիմնական անելիքներին ու ծրագրերին՝ ներկայացնելով Ընթերցանության տարվա նախաձեռնությունները, մարզային դպրոցների կառավարման նոր ձևաչափը, կրթական գործընթացների թվայնացման, արհեստական բանականության (ԱԲ) գործիքների ներդրման ուղղությամբ նախատեսվող քայլերը և այլն։

2026-2027 ուսումնական տարին՝ ընթերցանության տարի

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2026-2027 ուսումնական տարին հայտարարվել է ընթերցանության տարի։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել ընթերցանությունը․ «Ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության և ցանկացած այլ առարկա սովորելու արդյունավետության տեսանկյունից։ Այն նաև Կառավարության նոր ծրագրում նախատեսված է իբրև առաջնահերթ ուղղություն։

Ընթերցանության տարին կմեկնարկի սեպտեմբերի 4-ին՝ Գրքի միջազգային իններորդ փառատոնի շրջանակում։ Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրականության որոշակի ժանրի կամ ուղղության։ Սեպտեմբերի թեման կլինի «Սասնա ծռեր» էպոսը, իսկ հաջորդ ամիսներին ուշադրության կենտրոնում կլինեն թարգմանական, դետեկտիվ և մանկական գրականությունը, վեպը, դրամատուրգիան, հեքիաթը, պոեզիան, կենսագրականներն ու հուշագրությունները։

«Փորձել ենք այնպես անել, որ տարվա ընթացքում գրականության տարբեր ժանրերը և ստեղծագործելու տարբեր ձևերն ավելի տեսանելի դառնան մեր երեխաների համար, և յուրաքանչյուրը, իր նախասիրություններին համապատասխան, կարողանա ընտրել իրեն հետաքրքրող գրքերը և հեղինակներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Ընթերցանության տարվա շրջանակում կանցկացվեն նաև ուսուցչական և աշակերտական համաժողովներ, կստեղծվեն ընթերցանության ակումբներ, կընդլայնվի ընթերցանության օլիմպիադան՝ ներառելով նաև միջին և ավագ դասարանների սովորողներին։

Ընթերցանության տարվան կմիանան գրադարաններն ու թանգարանները

Գրականության և արվեստի թանգարանը կիրականացնի «Ի՞նչ էին կարդում մեր գրողները» կրթամշակութային ծրագիրը՝ ներառելով այցելություններ գրողների տուն-թանգարաններ և ընթերցանությանն առնչվող միջոցառումներ։

Նախատեսվում է նաև շարունակաբար համալրել դպրոցական գրադարանները։ Դպրոցների ֆինանսավորման կարգում նախատեսվող փոփոխությամբ դպրոցներն ամեն տարի նոր գրականություն ձեռք բերելու հնարավորություն կունենան։

Մարզային դպրոցների կառավարման նոր ձևաչափ

Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը լինելու է ԿԳՄՍ նախարարությունը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությամբ հստակեցվելու է աշխատանքի բաժանումը նախարարության և մարզպետների աշխատակազմերի միջև։

«Բովանդակային կառավարման հետ կապված բոլոր հարցերը գտնվելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տիրույթում, իսկ վարչատնտեսական գործառույթներին առնչվող ընթացակարգերն ամբողջությամբ կենտրոնանալու են մարզպետների աշխատակազմերում»,- պարզաբանել է նա։

Փոփոխություններին զուգահեռ նախարարությունում նախատեսված են կառուցվածքային վերափոխումներ․ լինելու են մարզային համակարգողներ, որոնք կաշխատեն տարբեր մարզերում գործող դպրոցների հետ։ Նախարարի խոսքով՝ նպատակը ոչ միայն կառավարման մեխանիզմի փոփոխությունն է, այլև գործընթացների բովանդակային վերանայումն ու թվայնացման միջոցով արդյունավետության բարձրացումը։

Արհեստական բանականությունը՝ կրթական համակարգում

Նոր ուսումնական տարում առանցքային ուղղություններից է լինելու նաև արհեստական բանականության կրթական գործիքների կիրառման ընդլայնումը հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերում։

Սեպտեմբերից նախատեսվում է հասանելի դարձնել ChatGPT Edu գործիքի 50 հազար բաժանորդագրություն։ Հանրակրթության համակարգում դրանցից կկարողանան օգտվել ավագ դասարանների սովորողները, ինչպես նաև բուհական համակարգի ներկայացուցիչները։ Ըստ նախարարի՝ ԱԲ գործիքները կարող են դպրոցների ղեկավարներին օգնել վերլուծել էլեկտրոնային մատյանում առկա տվյալները և բացահայտել առավել խոցելի ուղղությունները։ Ուսուցիչները, իրենց հերթին, հնարավորություն կունենան նվազեցնելու մեխանիկական աշխատանքի ծավալը՝ գործիքներն օգտագործելով առաջադրանքների, թեստերի կազմման և թեմատիկ պլանավորման համար։

«Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ։ Դա իրողություն է, որն այլևս մեր կյանքի մասն է։ Միայն գրագետ և մտածված լուծումների շնորհիվ կկարողանանք այդ գործիքակազմը ծառայեցնել ի նպաստ որակյալ կրթության»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ նախատեսվում են ուսուցիչների և տնօրենների վերապատրաստումներ։

Անդրադառնալով ԱԲ կրթության ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ STEP AI ծրագիրն արդեն մի քանի տարի իրականացվում է 15 դպրոցում, իսկ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը սեպտեմբերից հասանելի կլինի 39 դպրոցում։

Ըստ նախարարի՝ ծրագրերը սովորողներին հնարավորություն են տալիս զարգացնել ժամանակակից աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունները և ընդլայնել մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները։

115 մեդալ՝ միջազգային օլիմպիադաներում

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև միջազգային օլիմպիադաներում Հայաստանի աշակերտների հաջողություններին։ Այս տարի Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները նվաճել են երկու բրոնզե մեդալ։ Նախարարը հատկապես կարևորել է պետական, այդ թվում՝ մարզային դպրոցների սովորողների բարձր արդյունքները։

«Հանրակրթությունը բավականին բազմաշերտ և բազմաչափ համակարգ է, և մեր բազմաթիվ մարզային դպրոցներ շատ լավ ցուցանիշներ ունեն միջազգային օլիմպիադաներում»,- ասել է նա։

Եթե 2025 թվականի արդյունքներով Հայաստանի աշակերտները միջազգային օլիմպիադաներում նվաճել էին 91 մեդալ, ապա այս տարի, երբ մի շարք օլիմպիադաներ դեռ առջևում են, մեդալների թիվն արդեն հասել է 115-ի։

Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս

Նախարարի խոսքով՝ նոր ուսումնական տարում կարևորվելու են դպրոցականների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության մեծացմանն ուղղված քայլերը։

Տարեսկզբին մեկնարկած  նախաձեռնությունը, որի շրջանակում դպրոցականների համար այցելություններ են կազմակերպվել տարբեր գիտական ինստիտուտներ, կլինի շարունակական։ Առաջիկայում կգործարկվի հարթակ, որի միջոցով դպրոցները կկարողանան գրանցվել տարբեր գիտական ինստիտուտներ այցելության համար։ Այդ այցերը  կդառնան նաև կրթական ծրագրի պարտադիր մաս։

«Սա շատ կարևոր եմ համարում, որովհետև այդ այցելությունների մեծ մասին անձամբ ներկա լինելով՝ տեսնում եմ, թե ինչպես է փոխվում երեխաների վերաբերմունքը։ Նրանք առարկայական և շոշափելի ձևով տեսնում են, թե ինչպես է իրականացվում գիտությունը, զրուցում են տարբեր ոլորտների գիտնականների հետ։ Կարծում եմ՝ դրանով էապես փոխվում են թե՛ նրանց մասնագիտական կողմնորոշման, թե՛, ընդհանրապես, մեր հանրության և պետության կյանքում գիտության դերի վերաբերյալ պատկերացումները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախաձեռնությունը, ըստ նախարարի, շարունակությունն է նաև այն քաղաքականության, որի շրջանակում նախատեսվում է բոլոր դպրոցներն ապահովել բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներով։

Դպրոցական սննդի ծրագիրը կփորձարկվի նաև Երևանում

Նոր ուսումնական տարվա կարևոր նախաձեռնություններից է նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի փորձնական ներդրումը մայրաքաղաք Երևանում։

Ներկայում պետության միջոցներով մարզերի բոլոր դպրոցների տարրական դասարանների շուրջ 107 հազար աշակերտ օրական մեկ անգամ ապահովվում է առողջ սննդով։ Սեպտեմբերից ծրագիրը փորձնական ձևաչափով կմեկնարկի նաև Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում և Երևանի թիվ 101 հիմնական դպրոցում։ Մայրաքաղաքի ևս 10 դպրոցներ ծրագրին միանալու ցանկություն են հայտնել. այժմ դիտարկվում է ենթակառուցվածքների համապատասխանեցման հարցը: Նախատեսվում է մինչև 2028 թվականի ավարտը Երևանում  ամբողջությամբ ներդնել դպրոցական սննդի համակարգը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի նշանակությունը չի սահմանափակվում միայն երեխաների սննդի կամ օրվա ռեժիմի կազմակերպմամբ. «Սա էական ազդեցություն է թողնում նաև առողջ ապրելակերպի և առողջ սնվելու հանրային վարքականոնի ձևավորման վրա»։

Կշարունակվեն ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական զարգացման ծրագրերը

Նոր ուսումնական տարում շարունակվելու են նաև ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված բարեփոխումները։ Կամավոր ատեստավորման համար դիմումների ընդունումն արդեն մեկնարկել է. այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ ատեստավորման գործընթացը կկազմակերպվի հետագա ամիսներին։

Ակնկալվում է, որ ատեստավորման արդյունքում բարձր վարձատրություն ստացող մասնագետների թիվը կավելանա։ Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է նաև վերափոխել ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը՝ ներդնելով 300 հազար դրամ դրույքաչափի հասանելիություն առավել բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար, որին կգումարվի նաև համապատասխան հավելավճարը։

«Ուսուցիչների վարձատրության համակարգը պետք է անընդհատ զարգանա։ Մենք սահմաններ չենք դնում և կարծում ենք, որ ուսուցիչը պետք է լինի ամենահեղինակավոր և պահանջված մասնագիտություններից մեկը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հիշեցրել է, որ նախորդ ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 4000 նոր ուսուցիչներ և շեշտել՝ դպրոցում աշխատանքը, որպես մասնագիտական հեռանկար, տարեցտարի ավելի շատ երիտասարդներ են դիտարկում։

Նախատեսվում է մշակել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք

Կառավարության նոր ծրագրով նախատեսվող կարևոր քայլերից է նաև «Ուսուցչի կարգավիճակի մասին» առանձին օրենքի մշակումը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվում է օրենքով առավել հստակ ամրագրել ինչպես ուսուցչի դերն ու կարգավիճակը, այնպես էլ մասնագիտության ներկայացուցիչների սոցիալական պաշտպանության երաշխիքները՝ այդ թվում ներառելով նաև բնակարանի ձեռքբերման հնարավորություն։

Նախաձեռնությունը շարունակելու է ուսուցչի մասնագիտական զարգացման, վարձատրության բարձրացման և հասարակության մեջ ուսուցչի դերի ու հեղինակության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։

Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների հարցին՝ հիշեցնելով, որ նախորդ ուսումնական տարվա ընթացքում նախարարության քաղաքականությունն այս ուղղությամբ հանրային քննարկումների և քննադատության առիթ էր դարձել։

Նախարարի խոսքով՝ դեռևս 2010 թվականից «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ երեխան պետք է դպրոց հաճախի, եթե մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ լրանում է նրա 6 տարին։ Սակայն գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ երեխաները դպրոց են գնացել սահմանված տարիքից ուշ։

2024 թվականին  հաստատված և 2025-ից գործարկված նոր կարգավորմամբ ամրագրվել է՝ սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախելու դեպքում երեխայի ուսումնառությունը կազմակերպվում է իր տարեկիցներին համապատասխան դասարանում։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2025 թվականին՝ ծնողներին նախապես իրազեկելու նպատակով։

Նախորդ ուսումնական տարում նոր կարգավորումը վերաբերել է 469 երեխայի։ Նախարարության կողմից մշտադիտարկվել է այս երեխաների առաջադիմությունը՝ անհրաժեշտ աջակցություն տրամադրելու և երեխաների լավագույն շահը չվնասելու նպատակով։

«Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը ցուցաբերել է դրական առաջադիմություն։ Սա նշանակում է, որ նրանք ոչ միայն կարողացել են յուրացնել բաց թողածը, այլև հաջողությամբ իրենց տարեկիցների հետ միասին սովորում են նույն ծրագիրը, ավելին՝ այս երեխաների 47 տոկոսը գրանցել է գերազանց արդյունքներ»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ  առաջադիմության առումով որոշակի դժվարություններ արձանագրվել է հիմնականում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մոտ։

Նախարարը ծնողների մտահոգությունները հասկանալի է համարել՝ միաժամանակ ընդգծելով, որ լավագույն լուծումը երեխաներին սահմանված տարիքում դպրոց ուղարկելն է։ Նրա խոսքով՝ իրականացվող քաղաքականության արդյունքում ծնողներն այս հարցում դարձել են ավելի հետևողական, և այս տարի ուշ դպրոց հաճախող երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է։  

Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով

Հարցուպատասխանի ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է մի շարք հարցերի՝ նշելով, որ նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով, մեծ ուշադրություն կդարձվի կրթական միջավայրի անվտանգությանը, կշարունակվեն աշխատանքները մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու ուղղությամբ։

Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, պարզաբանել է կամավոր ատեստավորման արդյունքում երկու անգամ անընդմեջ դրական արդյունքներ չարձանագրած ուսուցիչների հետագա մասնագիտական գործունեությանն առնչվող խնդիրը։ Նա նշել է, որ նման ուսուցիչների համար պետությունը կազմակերպում է անվճար  վերապատրաստումներ, որից հետո վերջինները կարող են մասնակցել պարտադիր ատեստավորմանը՝ մանկավարժական հետագա գործունեություն ծավալելու նպատակով։ Գիտելիքի ստուգման պարտադիր պահանջ է սահմանված նաև այն ուսուցիչների համար, որոնց կարիքի գնահատման արդյունքում դպրոցի կողմից արձանագրվում է  մասնագիտական գիտելիքի  խնդիր։

Աշակերտների թվի դրական դինամիկա

Ըստ նախարարի՝ Հայաստանի  դպրոցներում 2025-26 ուսումնական տարում սովորել է 424939 աշակերտ. վերջին տարիներին գրանցվել է աշակերտների թվի դրական դինամիկա: Այս ուստարվա արդյունքները  կամփոփվեն սեպտեմբերի 5-ից հետո։  

Անդրադառնալով արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթության կազմակերպմանը՝ նախարարը նշել է, որ գործընթացը պատշաճ կազմակերպվում է․ «Այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում  ունենք 5427 երեխայի ընդունելություն: Այս գործընթացը նույնպես առաջիկա օրերին կամփոփվի: Մենք նկատում ենք որոշակի ակտիվություն հատկապես Երևանում, նաև որոշակի իրավիճակային որոշումներ ենք կայացրել, որպեսզի երեխաների կրթության իրավունքն ապահովենք:

Եթե տվյալ վարչական շրջանում ռուսերենով ուսուցման լիցենզիոն տեղերը սպառված են, ապա լրացուցիչ ընդունելության հնարավորություն ենք տալիս, որովհետև այդ իմաստով նաև այլընտրանքները հասանելի չեն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը  քոլեջներում ու բուհերում կրթությունը շարունակելու մասին ևս բազմաթիվ դիմումներ է ստացել։