Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Կայացել է «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

օգոստոսի 30, 2026

ՀՀ վարչապետի հովանու ներքո կայացել է «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավը, որի նպատակն է Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորումն ու զարգացումը, հեծանվային մշակույթի և առողջ ապրելակերպի խթանումը։

Երկօրյա հեծանվարշավին մասնակցության հայտ է ներկայացրել 106 քաղաքացի, որոնցից նախապատրաստական մարզումներից հետո հաստատվել է 86-ի մասնակցությունը։ Հեծանվարշավին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արշավի մեկնարկից առաջ մասնակիցների հետ հանդիպել և նրանց հաջողություն են մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մասնակիցները Սևանա լճի շուրջ նախատեսված երթուղին անցնում են սեփական մեխանիկական հեծանիվներով։ Առաջին օրվա երթուղին շուրջ 136 կմ է՝ բաժանված չորս հատվածի։ Առաջին օրն ամփոփվել է խարույկի շուրջ հանդիպմամբ:

Երկրորդ օրվա երթուղին շուրջ 79 կմ է՝ երեք հատվածով. վերջնագիծը՝ Սևանի թերակղզի։

Երկու օրվա ընթացքում հեծանվորդները, ըստ նախնական երթուղու, անցել են շուրջ 215 կմ ճանապարհահատված՝ Սևանա լճի շուրջ։

Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր։ Միջոցառումը մրցանակային հիմնադրամ չի նախատեսում։

«Սևանի շուրջը» հեծանվային արշավն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը նախատեսված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ։