Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև
օգոստոսի 31, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրով նախատեսվում է, որ Գյոթե ինստիտուտը կաջակցի Հայաստանում գերմաներեն լեզվի զարգացմանը, ինչպես նաև հայերենի իմացության միասնական թեստերի մշակման գործընթացում գերմանական փորձի ներդրմանը։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հուշագրի ստորագրումը՝ բարձր գնահատելով Հայաստանում Գյոթե ինստիտուտի գործունեությունը և գերմանական մշակութային ու կրթական ներկայության ընդլայնումը։
Վերահաստատելով Գյոթե կենտրոնի Գյոթե ինստիտուտի վերաճման հանգամանքը՝ նա կարևորել է ինստիտուտի գործունեությունը Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի զարգացման, ինչպես նաև մշակույթի ոլորտում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման առումով։ Նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայում Գյոթե ինստիուտը ստանձնել է Հայաստանում եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների մշակութային թևերի համակարգման դերը և ակտիվորեն համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ՝ ՀՀ-ԵՄ մշակութային կապերի զարգացման ուղղությամբ։
Արթուր Մարտիրոսյանն առանձնահատուկ ընդգծել է Գյոթե ինստիտուտի ներդրումը՝ լեզուների իմացության համաեվրոպական շրջանակի (CEFR) A1-ից C2 մակարդակներին համապատասխան հայերենի իմացության գնահատման միասնական համակարգի ստեղծման գործում։
«Սա մեզ համար խիստ կարևոր նպատակ է․ եվրոպական տարբեր լեզուների փարձառության հիման վրա մենք ներկայում ստեղծում ենք իմացության գնահատման միասնական համակարգ և Գյոթե ինստիտուտի աջակցությամբ կուսումնասիրվի գերմանական առաջատար փորձը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Նրա գնահատմամբ՝ նման համակարգի ստեղծման նշանակությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով Հայաստանի մեծ սփյուռքը, օտարերկրյա ուսանողների ներգրավման հավակնությունները, ինչպես նաև լեզվի իմացության չափելի և համադրելի գնահատման անհրաժեշտությունը միգրացիոն քաղաքականության և այլ ոլորտներում։
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համագործակցության կարևոր ուղղություններից է նաև երիտասարդության ոլորտը․ Գյոթե ինստիտուտի նախաձեռնությունները նպաստում են առանձին ոլորտների, մասնավորապես՝ երիտասարդության ոլորտի բարեփոխմանը և մոտարկմանը եվրոպական չափանիշներին։
ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցության շրջանակում Գյոթե ինստիտուտի կողմից վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն գերմաներեն դասավանդողների համար՝ մասնագիտական զարգացման և կատարելագործման նպատակով։ Կողմերը մտադիր են պարբերաբար իրականացնել կարիքների համատեղ վերլուծություն, համաձայնեցնել նախատեսվող միջոցառումներն ու վերապատրաստման առաջարկները, ինչպես նաև փոխադարձ աջակցություն ցուցաբերել հանրային իրազեկման աշխատանքներում՝ մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով: