Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Շրջայց Երևանի և մարզերի մի շարք նորակառույց դպրոցներում

սեպտեմբերի 03, 2026
Դպրոցները կառուցվել են Կառավարության՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի շրջանակում։
Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, համապատասխան մարզերի և համայնքների ղեկավարները:
 
Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում։ Այն կառուցվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։ Ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,8 մլրդ դրամ։ Արդյունքում՝ Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանն ունի նորակառույց ավագ դպրոց, որը համալրված է անհրաժեշտ լաբորատորիաներով, սարքավորումներով և նախատեսված է 600 աշակերտի համար։ Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի կառուցման, բացման առիթով և այն համարել մեծ իրադարձություն՝ կրթության ոլորտի, Կառավարության, Երևանի համար։
 
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ ներկա է եղել Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրում կառուցված միջնակարգ դպրոցի բացման արարողությանը։ Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դրամ։ Նոր դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։
 
Արմավիրի մարզում վարչապետը ներկա է եղել Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի կրթահամալիրի և Նոր Կեսարիա բնակավայրի միջնակարգ դպրոցի բացման արարողություններին։ Կրթահամալիրի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 1,7 մլրդ դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում՝ Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրը կունենա նոր կրթահամալիր՝ նախատեսված 200 աշակերտի համար և նախակրթարան՝ նախատեսված 80 երեխայի համար։ Նոր Կեսարիա բնակավայրի՝ 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,6 մլրդ դրամ։ Շնորհավորելով կրթահամալիրի բացման առիթով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Երասխահուն բնակավայրը մանկապարտեզ երբեք չի ունեցել։ Նա գոհունակությամբ նկատել է, որ նման դպրոցներ ունենալն արդեն դառնում է սովորական մի երևույթ։
 
Երկրի ղեկավարի վերջին կանգառը եղել է Թալին համայնքը, որտեղ նա ծանոթացել է Գառնահովիտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին։ Շինարարական աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 1,2 մլրդ դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է երկհարկանի 1621 քմ ընդհանուր մակերեսով 144 տեղ հզորությամբ դպրոցի նոր շենք, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։ Այստեղ ևս վարչապետը շնորհավորել է բոլորին դպրոցի շինարարության ավարտի և աշխատանքների մեկնարկի առթիվ և ընդգծել, որ հերթական անգամ կարելի է ասել, որ գյուղում իր պատմության ամենամեծ ներդրումն է տեղի ունեցել։