Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Կառավարությունը շուրջ 1.47 մլրդ դրամ կուղղի կրթական և մարզական հաստատությունների շինարարությանն ու գույքի ձեռքբերմանը

սեպտեմբեր 04, 2026

Թարմացվել է: սեպտեմբեր 04, 2026

Մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների, նախագծման և գույքային հագեցման նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի 1 մլրդ 473.4 մլն դրամի վերաբաշխում։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում:

Նշված միջոցներից շուրջ 451.3 մլն դրամը նախատեսվում է ուղղել շինարարական աշխատանքներին, 20.4 մլն դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը, իսկ շուրջ 1 մլրդ դրամը՝ գույքի ձեռքբերմանը։

Մասնավորապես՝ շինաշխատանքների շրջանակում նախատեսվում է 350.5 մլն դրամով ավելացնել Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման համար նախատեսված գումարը, իսկ 100.8 մլն դրամ հատկացնել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ըմբշամարտի մարզադահլիճի վերակառուցմանը։

Ամենախոշոր հատկացումը՝ 1 մլրդ դրամ, նախատեսվում է ուղղել շինարարությունն ավարտվող դպրոցների գույքով ապահովմանը։ Հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն գույք է ձեռք բերվել 120 դպրոցի և 18 մանկապարտեզի համար։ Ներկայում հրատապ է համարվում այն դպրոցների, կրթահամալիրների և մանկապարտեզների գույքի ձեռքբերումը, որոնց շինարարության ավարտը նախատեսված է մինչև սեպտեմբերի վերջ։ 

Հատկացումներ են նախատեսված նաև Ագարակի մանկապարտեզի Ալվանք գյուղի մասնաճյուղի, ինչպես նաև Կապանի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների  գույքային թարմացումների համար։ Միջոցներ կուղղվեն նաև գրադարանների գույքային հագեցման համար։

Որոշմամբ նախատեսում է նաև գնման որոշ պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություններ տալ։ Դրանց թվում են Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տան Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման, ինչպես նաև Արզնիի դպրոցի նորոգման աշխատանքները։

Կատարված վերաբաշխման արդյունքում 29 մլն դրամ էլ կվերադարձվի ՀՀ պետական  բյուջեի պահուստային ֆոնդ։